19:08  ,  31 հոկտեմբերի, 2021

ԱԱ․ Դավիթ Չալոյանը ծանր պայքարում դուրս եկավ քառորդ եզրափակիչ (ֆոտո, ուղիղ եթեր)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Գերծանր քաշային  (+92 կգ) կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մենամարտեց կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիի հետ եւ ծանր պայքարում հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովը, որը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց անգլիացի Դելիսիուս Օրիեին: Քառորդ եզրափակիչում հաղթանակի դեպքում Չալոյանը կապահովի առնվանզ բրոնզե մեդալ:

Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային:

 

Հոկտեմբերի 31-ին Հայաստանը կունենա եւս երկու մասնակից։

60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակիչում կմցրի Ֆրանսիան ներկայացնող Սոֆիանե Օումիհեի հետ:

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ նոկաուտով հաղթել է Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլին:

71 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում ռինգ դուրս կգա Արման Դարչինյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակցի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Օբեդ Բարտիին է:

Դարչինյանը մեկնարկել է 1/16 եզրափակիչում, որտեղ նրա մրցակից ղրղզ Նուրդարին Ռուստամբեկին երկրորդ ռաունդում երկու անգամ հարվածեց գոտկատեղից ներքեւ, ինչի պատճառով մրցավարները որակազրկեցին նրան՝ հաղթանակը շնորհելով Արման Դարչինյանին։

Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 11 բռնցքամարտիկներով, որոնցից պայքարը շարունակում են նաեւ Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ) եւ Արման Դարչինյանը (71 կգ):

Հայաստանի 5 ներկայացուցիչներ դուրս են մնացել պայքարից. Սեյրան Եղիկյանը (48 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո (3:0) պարտվել է 1/8 եզրափակիչում: Վահե Բադալյանը (54 կգ) նյունպես մեկնարկում հաղթանակից (5։0) հետո պարտվել է 1/8 եզրափակիչում։

Գուրգեն Մադոյանը (67 կգ) եւս մեկ հաղթանակ տանելուց հետո (5:0) պարտվել է 1/16 եզրափակիչում,  Համբարձում Հակոբյանը (80 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ)  պարտվել են մեկնարկային մենամարտերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում