Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը պարտվեց մեկնարկային մենամարտում:
92 կգ քաշայինների 1/32 եզրափակիչում Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը մրցեց Իտալիան ներկայացնող Ազիզ Աբբես Մոուհիդայնի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով (27:30, 28:29, 28:29, 27:30, 28:29):
Առաջին ռաունդը Մանասյանը մեծ ակտիվությամբ սկսեց եւ նրա հարվածները հիմնականում հասնում էին նպատակակետին: Այս ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Մանասյանին՝ 9:10, 10:9, 10:9, 9:10 եւ 10:9:
Երկրորդ ռաունդից սկսած իտալացի մրցակիցը Մանասյանի յուրաքանչյուր հակագրոհ սկսեց փակել ձեռքերով, մերձամարտի գնալ եւ թույլ չտալ հայ բռնցքամարտիկին զարգացնել գրոհը: Մինչեւ վերջին ռաունդը Մանասյանի բոլոր նախաձեռնությունները ձախողվեցին, որովհետեւ մրցակիցը գրկում էր Հայաստանի ներկայացուցիչին եւ փակում ձեռքերը: Չնայած ռինգի մրցավարի պարբերաբար զգուշացումների, կողային մրցավարները երկրորդ եւ երրորդ ռաունդներում ձայների առավելությունը տվեցին իտալացուն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում