22:14  ,  8 հոկտեմբերի, 2021

Ռոման Ամոյանն՝ Օսլոյից․ Հավատում էի, որ Մալխասը հաղթելու է

Անչափ ուրախ եմ, չեմ կարող նկարագրել զգացողություններս: Ես հավատում էի, որ Մալխասը հաղթելու է եւ հենց այդ հավատով այստեղ էի նրա կողքին: Շնորհավորում եմ ամբողջ հայ եւ եզդի ազգին այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ: Իմ հաղթանակներից առավել մեծ հաղթանակ է սա ինձ համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Օսլոյից ասաց Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյան:

Քիչ առաջ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի մրցագորգում 22-ամյա Մալխաս Ամոյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

72 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:

Հաղթական սուլոցից հետո Ռոման Ամոյանը, որը եզրափակիչ գոտեմարտի հայկական անկյունի մարտավկան էր, մրցագորգ բարձրացավ եւ գրկեց  նորընծա աշխարհի չեմպիոնին:

«Զգացողություններս աննկարագրելի են: Շատ էինք սպասում այս մեդալին: Անչափ ուրախ եմ, ուրախությանս չափ չկա:

Որպես մարզիչ, որպես Մալխասի հորեղբայր, հայ եւ եզդի ազգին շնորհավորում եմ այս հաղթանակի կապակցությամբ: Շնորահակալ եմ մեր հավաքականի մարզիչներին՝ Էդուարդ Սահակյանին, Սամվել Գեւորգյանին, Ալեքսանդր Հովհաննիսյանին, Գեւորգ Ալեքսանյանին, թիմի բոլոր տղաներին:

Շնորահակալ եմ բոլորին, ովքեր աշխատել են Մալխասի հետ, քայլել նրա հետ այս ճանապարհով, մարզվել, խորհուրդ տվել: Այս հաղթանակը միայն Մալխաս Ամոյանինը չի: Սա բոլորի հաղթանակն է, քանի որ եղել է բոլորի ցանկությամբ: Եթե չկամենային, այս հաջողությունը չէինք ունենա:

Ունենք լավ թիմ, լավ հավաքական: Մենք էլ կողքից ամեն ինչ անում ենք, որ Մալխասն ավելի շատ հաղթի, սխալները պակասի, հաջողությունները շատանա:

Հոգուս խորքում հավատում էի, շատ էի հավատում, որ այս աշխարհի առաջնությունում Մալխասի մոտ ամեն ինչ ստացվելու է: Այդ հավատով էի այստեղ, վստահ էի, որ հաղթելու է:

Եզրափակիչում շատ գրագետ գոտեմարտ վարեց: Իրականում Մալխասը շատ սառնասիրտ եւ գրագետ ըմբիշ է: Նա ապացուցեց, որ այս քաշային կարգում լավագույնն է, ապացուցեց նաեւ, որ ըմբշամարտում, մեծ սպորտում ինքը դեռ մեծ ասելիք ունի:

Մոտակա 10 տարին Մալխասը դեռ իր ասելիքը կասի մեծ սպորտում: Ես մեծ հաղթանակներ եմ ունեցել իմ կարիերայում, շատ հաղթանակներ եմ տեսել, բայց Մալխասի այսօրվա հաղթանակի զգացողությունները, ուրախությունն աննկարագրելի են, անփոխարինելի են: Ես շատ եմ հաղթել, բայց իմ հաղթանակները չեմ էլ զգացել, բայց իր հաղթանակները զգում եմ եւ ավելի եմ ուրախանում»,- ասաց Ռոման Ամոյանը:

յս ընթացքում Մալխաս Ամոյանը դոպինգ թեստ է հանձնում: Հայաստանի թիմում աննկարագրելի ուրախություն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով