Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 29-ին ավարտվեց երկրորդ տուրը։ Տեղի ունեցան E, F, G եւ H խմբերի թիմերի մասնակցությամբ հանդիպումները։
E խմբում երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայի չեմպիոն «Բավարիան», որը տանը 5։0 հաշվով ուժեղ էր Կիեւի «Դինամոյից»։ Մյունխենի թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այս խմբում երկրորդ պարտությունը կրեց «Բարսելոնան»։ Կատալոնական թիմը հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային», որն առավելության հասավ 3։0 հաշվով։ Լիսաբոնյան թիմը 4 միավորով երկրորդն է։ «Դինամոն» ունի 1 միավոր եւ նախավերջինն է։
F խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց իսպանական «Վիլյառեալի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։ Ավելացված 5-րդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Mr. Champions League! @Cristiano pic.twitter.com/4sksXM8Q12
— B24 (@B24PT) September 29, 2021
Ավելի վաղ իտալական «Ատալանտան» ընդունել էր Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզին» եւ հաղթանակ տարել նվազագույն հաշվով։ 68-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։
F խմբի առաջատարը «Ատալանտան» է՝ 4 միավոր։ «Յանգ Բոյզն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել են 3-ական միավոր։ «Վիլյառեալը» վերջինն է՝ 1 միավոր։
G խմբում ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» 2։1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիլի» (1 միավոր) նկատմամբ եւ 4 միավորով առաջինն է։ Գերմանական «Վոլֆսբուրգն» ու իսպանական «Սեւիլիան» խաղացին 1։1 հաշվով եւ ունեն 2-ական միավոր։
H խմբում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Լոնդոնի «Չելսիի» հետ եւ հաղթանակ տարավ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի միակ գոլի շնորհիվ՝ 1։0։ Իտալական թիմը 6 միավորով առաջատարն է։ «Չելսին» երկրորդն է՝ 3 միավոր։
Այս խմբում ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ընդունել էր շվեդական «Մալմյոյին»։ Ռուսաստանցի Սերգեյ Սեմակի գլխավորած թիմն առավելության էր հասել 4։0 հաշվով։
«Զենիթը» 3 միավորով երրորդն է, «Մալմյոն» երկրորդ պարտությունը կրեց։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3։0 (տեսանյութ)
Դարվին Նունյես, 3, 79, 11մ, Ռաֆայել Սիլվա, 69
Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 87, երկրորդ դեղին քարտ
«Բավարիա» (Գերմանիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 5։0 (տեսանյութ)
Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, 27, Սերժ Գնաբրի, 68, Լերոյ Սանե, 74, Մաքսիմ Շուպո-Մոտինգ, 87
F խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 2։1 (տեսանյութ)
Ալեքս Տելես, 60, Կրիշտիանու Ռոնալդու, 90+5 - Պակո Ալկասեր, 53
«Ատալանտա» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1։0
Մատեո Պեսինա, 68
G խումբ
«ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2։1
Քարիմ Ադեյեմի, 35, 11մ, 53, 11մ - Բուրակ Յիլմազ, 62
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 1։1
Ռենատո Շտեֆեն, 48 - Իվան Ռակիտիչ, 86, 11մ
Հեռացում՝ Ժոզուա Գիլյավոգի («Վոլֆսբուրգ»), 85, երկրորդ դեղին քարտ
H խումբ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)
Ֆեդերիկո Կիեզա, 46
«Զենիթ» (Ռուսաստան) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 3։0
Կլաուդինյո, 9, Դալեր Կուզյաեւ, 49, Ալեքսեյ Սուտորմին, 80
Հեռացում՝ Անել Ահմեդհոջիչ («Մալմյո»), 53
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում