00:56  ,  30 սեպտեմբերի, 2021

ՉԼ․ «Բավարիայի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները, «Բարսելոնայի» ձախողումը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 29-ին ավարտվեց երկրորդ տուրը։ Տեղի ունեցան E, F, G եւ H խմբերի թիմերի մասնակցությամբ հանդիպումները։

E խմբում երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայի չեմպիոն «Բավարիան», որը տանը 5։0 հաշվով ուժեղ էր Կիեւի «Դինամոյից»։ Մյունխենի թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Այս խմբում երկրորդ պարտությունը կրեց «Բարսելոնան»։ Կատալոնական թիմը հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային», որն առավելության հասավ 3։0 հաշվով։ Լիսաբոնյան թիմը 4 միավորով երկրորդն է։ «Դինամոն» ունի 1 միավոր եւ նախավերջինն է։

F խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց իսպանական «Վիլյառեալի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։ Ավելացված 5-րդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ավելի վաղ իտալական «Ատալանտան» ընդունել էր Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզին» եւ հաղթանակ տարել նվազագույն հաշվով։  68-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել իտալացի կիսապաշտպան Մատեո Պեսինան։

F խմբի առաջատարը  «Ատալանտան» է՝ 4 միավոր։ «Յանգ Բոյզն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել են 3-ական միավոր։ «Վիլյառեալը» վերջինն է՝ 1 միավոր։

G խմբում ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» 2։1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիլի» (1 միավոր) նկատմամբ եւ 4 միավորով առաջինն է։ Գերմանական «Վոլֆսբուրգն» ու իսպանական «Սեւիլիան» խաղացին 1։1 հաշվով եւ ունեն 2-ական միավոր։

H խմբում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Լոնդոնի «Չելսիի» հետ եւ հաղթանակ տարավ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի միակ գոլի շնորհիվ՝ 1։0։ Իտալական թիմը 6 միավորով առաջատարն է։ «Չելսին» երկրորդն է՝ 3 միավոր։

Այս խմբում ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ընդունել էր շվեդական «Մալմյոյին»։ Ռուսաստանցի Սերգեյ Սեմակի գլխավորած թիմն առավելության էր հասել 4։0 հաշվով։

«Զենիթը» 3 միավորով երրորդն է, «Մալմյոն» երկրորդ պարտությունը կրեց։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3։0 (տեսանյութ)

Դարվին Նունյես, 3, 79, 11մ, Ռաֆայել Սիլվա, 69

Հեռացում՝ Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), 87, երկրորդ դեղին քարտ

«Բավարիա» (Գերմանիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 5։0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 12, 11մ, 27, Սերժ Գնաբրի, 68, Լերոյ Սանե, 74, Մաքսիմ Շուպո-Մոտինգ, 87

F խումբ

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 2։1 (տեսանյութ)

Ալեքս Տելես, 60, Կրիշտիանու Ռոնալդու, 90+5 - Պակո Ալկասեր, 53

«Ատալանտա» (Իտալիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1։0 

Մատեո Պեսինա, 68

G խումբ

«ՌԲ Զալցբուրգ» (Ավստրիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 2։1

Քարիմ Ադեյեմի, 35, 11մ, 53, 11մ - Բուրակ Յիլմազ, 62

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Սևիլիա» (Իսպանիա)՝ 1։1

Ռենատո Շտեֆեն, 48 - Իվան Ռակիտիչ, 86, 11մ

Հեռացում՝ Ժոզուա Գիլյավոգի («Վոլֆսբուրգ»), 85, երկրորդ դեղին քարտ

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Կիեզա, 46

«Զենիթ» (Ռուսաստան) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 3։0 

Կլաուդինյո, 9, Դալեր Կուզյաեւ, 49, Ալեքսեյ Սուտորմին, 80

Հեռացում՝ Անել Ահմեդհոջիչ («Մալմյո»), 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում