16:10  ,  4 օգոստոսի, 2021

Տիկնիզյանը վաղուց է ընտրությունն արել Ռուսաստանի եւ Հայաստանի թիմերի հարցում

Մոսկվայի ԲԿՄԱ-ից «Լոկոմոտիվ» տեղափոխված ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը վաղուց կատարել է իր ընտրությունն ազգային հավաքականի հարցում։ Այդ մասին ասել է 22–ամյա ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը Metaratings-ին։

Հարցին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կա հետաքրքրություն Նաիր Տիկնիզյանի նկատմամբ՝ գործակալը պատասխան է.

«Միանշանակ, ընտրությունը Ռուսաստանի հավաքականի օգտին է։ Նաիրն արդեն վաղուց որոշել է խաղալ Ռուսաստանի հավաքականում։

Նա նաեւ շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, բայց հիմա պետք է արժանավայել դրսեւորվել «Լոկոմոտիվի» հետ Ռուսաստանի առաջնությունում եւ Եվրոպայի լիգայում։ Հույս ունենք ընդգրկվել Ռուսաստանի հավաքականում»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը։

Հայ ֆուտբոլիստը ԲԿՄԱ-ի սան է, 8 տարի անցկացրել է բանակայինների համակարգում: ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում նա մասնակցել է 43 խաղի ու դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Նոր թիմում հանդես կգա 71 համարի խաղաշապիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում