19:45  ,  9 հունիսի, 2021

Եվրո-2020․ Ռուսաստանի ԱԳՆ-ն զբաղվում է Բաքվից մերժում ստացած Առուստամյանի հավատարմագրման հարցով

Ռուսաստան Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար ռուսական «Матч ТВ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանի հավատարմագրումով, որը մերժվել է Եվրո-2020-ի համակազմակերպիչ Բաքվի կազմկոմիտեի կողմից, հաղորդում է Sports.ru-ն։

«Գիտեմ, որ ՈւԵՖԱ-ն փնտրում է լուծում, որը թույլ կտա ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանին իրականացնել իր մասնագիտական գործունեությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանման հարցում։ Հավատում եմ, որ լուծում կգտնվի։

Երեկ ամբողջ երեկո զբաղվել ենք այդ հարցով։ Կարող եմ ասել, որ բոլոր մասնակից կողմերից այսպիսի կառուցողական վերաբերմունք վաղուց չէի տեսել»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։  

ՈւԵՖԱ-ի կանոններով Եվրո-2020-ի լուսաբանման հավատարմագրում ստանալու համար լրագրողը պետք է հավանություն ստանա կազմակերպիչ բոլոր քաղաքների կազմկոմիտեների կողմից։ Բաքվից մերժում ստանալու հետեւանքով Նոբել Առուստամյանը չի կարողանա լուսաբանել մրցաշարը նաեւ մյուս 10 քաղաքներում։

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել է, որ Առուստամյանը բազմիցս խախտել է Ադրբեջանի օրենքները։ Հայտնի է, որ Առուստամյանը մի քանի անգամ այցելել է Արցախի Հանրապետություն։

«Եվրո-2020-ն անցկացվում է, որպես միասնական համակարգ։ Դա վերաբերում է նաեւ հավատարմագրումների գրանցման համակարգին։ Տվյալ դեպքում, լրագրողը կարող է դիմել անմիջապես ՈւԵՖԱ-ին»,- ավելացրել է Մամեդովը։

«Матч ТВ»-ն պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Առուստամյանի հավատարմագրումը չի հաստատվել Եվրո-2020-ի կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանական դեպարտամենտի մերժման պատճառով։

«Հիմա մշտական կապի մեջ ենք ՈւԵՖԱ-ի հետ։ Առուստամյանը երկրի լավագույն մարզական լրագողներից մեկն է, որի աշխատանքը Եվրոպայի առաջնությունում կարեւոր է ռուսաստանցի հեռուստադիտողի համար։ Խնդրի լուծմանը մասնակցում է նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։ Արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Նոբելը ստանա հավատարմագրում»,- նշվում է «Матч ТВ»-ի հայտարարությունում։

Հայտնի ռուսաստանցի մեկնաբան Վասիլի Ուտկինը այս հարցով քննադատել է «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիին՝ նշելով, որ հեռուստաընկերությունում երկու շաբաթ առաջ են իմացել մերժման մասին, սակայն մինչեւ խնդրի հրապարակայնացումը ոչինչ չեն ձեռնարկել։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում