10:08  ,  27 մայիսի, 2021

Եվրոպայի լիգայի եզրափակիչ. Մարզչական ամփոփում

Իսպանական «Վիլյառեալի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչները Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո կիսվել են տպավորություններով:

Ունաի Էմերի («Վիլյառեալ»). «Անչափ երջանիկ եմ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում այս ֆուտբոլիստները շատ էին աշխատել ակումբի նախագահի, սեփականատիրոջ ու տնօրենների խորհուրդի համար: Հպարտանում ենք «Վիլյառեալով»: Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Մրցակիցը «Մանչեսթեր Յունայթեդն» էր, բայց մենք շատ մրցակցային հանդիպում անցկացրինք այսօր:

Այս ակումբն արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայում, և մենք կվայելենք այդ մրցաշարը: Ցանկանում եմ հաղթել Եվրոպայի լիգայում, բայց ունեմ ցանկություն նույնն անել նաև Չեմպիոնների լիգայում: Կվայելենք այդ պահը մեր երկրպագուների հետ»:

Ուլե-Գունար Սուլշեր («Մանչեսթեր Յունայթեդ»). «Չկարողացանք միանալ և չխաղացինք այնպես, ինչպես կարող ենք: Կարծում եմ՝ վատ չսկսեցինք, բայց մրցակիցը գոլով ավարտեց իր միակ հարվածը դարպասին: Իհարկե, հիասթափված ենք, որ դարձյալ գոլ բաց թողեցինք ստանդարտ դիրքից: Մրցակիցը մեզ թույլ չէր տալիս խաղալ, փակում էր բոլոր գոտիները և լավ էր պաշտպանվում: Բավականաչափ գոլային պահեր չունեցանք: Հիմա ժամանակը չէ ընդգծել, թե ինչը սխալ արեցինք: Սակայն, երբ մնում ես առանց տիտղոսի, նշանակում է, որ ինչ-որ բան սխալ ես արել:  

Ավելի ու ավելի ենք մոտենում հաջողությանը, դառնում ենք ավելի լավը: Մեզ մեկ քայլ էր բաժանում տիտղոսից: Ցանկալիին հասնելու միակ միջոցն ավելի լավը դառնալն է», փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացված հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 1։1 հաշիվը, և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոցներով: «Վիլյառեալն» առաջին անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարիերայում ռեկորդային՝ չորրորդ անգամ հաղթեց այդ մրցաշարում:

Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Վիլյառեալը» եվրագավաթային մրցաշարերում հաղթել է նաեւ 2003-ին եւ 2004-ին՝ դառնալով ՈւԵՖԱ-ի Ինտերտոտոյի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ