Ես ձգտում եմ ունենալ այնպիսի մարզական կարիերա և դառնալ այնպիսի մարզիկ, ում մասին կխոսի ամբողջ աշխարհը եւ կճանաչի: Իմ պատկերացմամբ, MMA-ում այդ նպատակին հասնելն ավելի իրատեսական է, քան ըմբշամարտում:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի կրկնակի չեմպիոն, 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը:
Այս օրերին 21-ամյա ըմբիշը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 17-23-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:
Ռազմիկ Պապիկյանը միջազգային մրցասպարեզում մեծահասակների պայքարում նորամուտը նշեց 2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում, որտեղ զբաղեցրեց 5-րդ տեղը: Մ-23 Եվրոպայի առաջնությունը կլինի երիտասարդ ըմբիշի կարիերայի կարեւորագույն մրցումներից մեկը, քանի որ Սկոպյեի մրցագորգն է որոշելու Ռազմիկ Պապիկյանի հետագա ծրագրերը: Ազատ ոճի ըմբիշը հունիսի 26-ին նորամուտը կնշի խառը մենամարտերում (MMA): Ռազմիկ Պապիկյանի երազանքն ազատ ոճի ըմբշամարտում Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալներ նվաճելուց բացի, խառը մենամարտերում հայտնի մարտիկ դառնալն է:
Ռազմիկ, նախքան MMA-ում նորամուտիդ մասին խոսելը, սկսենք ըմբշամարտից: Քանի՞ տարեկանում, ո՞ւմ խորհուրդով եւ ինչպե՞ս եկար ըմբշամարտ:
Ըմբշամարտով սկսել եմ զբացվել 7 տարեկանից՝ մարզիչ Անդրանիկ Հարոյանի մոտ: Ծնողներիս խորհուրդով եմ ընտրել այս մարզաձեւը. հայրս, հորեղբայրս ըմբիշներ են եղել, նրանք են առաջինն ինձ բերել ըմբշամարտի դահլիճ: Առաջին մարզիչիս մահից հետո, սկսեցի մարզվել եւ այժմ էլ իմ անձնական մարզիչն է Պետրոս Մկրտչյանը: Պատանիների պայքարում երկու անգամ Հայաստանի չեմպիոն եմ դարձել, մեկ անգամ՝ երրորդ մրցանակակիր: Երիտասարդների պայքարում չի հաջողվել դառնալ Հայաստանի չեմպիոն. մեկ անգամ պարտվել եմ, մեկ տարի որակազրկվել, մեկ անգամ էլ երկրորդ տեղ զբաղեցրել: Մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր եմ դարձել 2016 թվականին: 2019-ին հաղթել եմ նաեւ Հայաստանի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Նույն տարում հաղթեցի նաեւ մեծահասակների Հայաստանի առաջնությունում: Նույն հաջողությունը կրկնեցի նաեւ 2020-ին: Մեծահասակերի պայքարում առաջին միջազգային փորձս 2020 թվականի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն էր, որտեղ զբաղեցրեցի 5-րդ տեղը. պարտվեցի բրոնզե մեդալի համար պայքարում: Այժմ թիմի կազմում պատրաստվում եմ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:
Աշխարհի գավաթում շատ մոտ էիր մեդալին: Մեծահասակների պայքարում փորձի պակասը խանգարե՞ց հաղթել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Մեդալ նվաճելու ցանկությունս շատ մեծ էր, երեւի, այդ պատճառով պարտվեցի: Այժմ առաջին անգամ մեծահասակներում ուժերս փորձելու եմ Մ-23 Եվրոպայի առաջնությունում: Այստեղ նույնպես մեդալ նվաճելու ցանկությունս շատ մեծ է: Ամեն ինչ կանեմ՝ չեմպիոնի կոչումով վերադառնալու համար:
Օլիմպիական քաշ տեղափոխվելու նպատակներ կա՞ն:
Դեռ ոչ: Դեռ ուզում եմ իմ հիմնական քաշում լավ արդյունքներ գրանցել: Կախված է այս տարվա իմ արդյունքներից: Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի ինձ համար, 2022 թվականին կտեղափոխվեմ օլիմպիական քաշ, որպեսզի պայքարեմ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Արդեն մի քանի անգամ հայտարարել ես, որ ցանկություն ունես հանդես գալ խառը մենամարտերում. ինչո՞ւ:
Ուզում եմ կռվել, հետաքրքրություն կա: Ուզում եմ փորձել, տեսնել՝ կստացվի՞, թե՝ ոչ: Ցանկությունը մեծ է ուժերս փորձել նաեւ մեկ այլ մարզաձեւում, այլ իրավիճակում եւ այլ պայքարում: Բացի այդ, MMA-ում ճանաչումն այլ է, մարտիկները մեծ համբավ են ձեռք բերում եւ հնարավորություն ստանում մեծ գումարներ վաստակել: Ինձ ավելի շատ գրավում է մեծ ճանաչում ձեռք բերելը:
Խառը մենամարտերում հանդես գալու ցանկությունը ե՞րբ է առաջացել:
Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո, ավելի հստակ՝ 2021 թվականի սկզբին: Տեսնելով ընկերներիս, նրանց պայքարը ութանկյունում, ցանկություն առաջացավ՝ ես էլ փորձեմ ուժերս: MMA-ում առաջ գնալու, մեծ ձեռքբերումներ ունենալն ավելի տեսանելի է, իսկ ըմբշամարտում մի փոքր պակաս է:
Այսինքն՝ ըստ քեզ, ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական չեմպիոն դառնալն այդքան մեծ փառք չի՞ տալիս, որքան խառը մենամարտերում հաջողության հասնելը:
Միանշանակ, տալիս է եւ պրոֆեսիոնալ սպորտում իմ նպատակները հենց օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դառնալն է: Այդ ամենին զուգահեռ, նաեւ ուզում եմ խառը մենամարտերում չեմպիոն լինել, քանի որ վստահ եմ ուժերիս: Ըմբշամարտն իմ նպատակների հենքն է, եւ դրա շնորհիվ ես կկարողանամ հասնել իմ երազանքներին: Միակ խնդիրն այն է, որ համեմատական կարգով ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին ոչ բոլորն են ճանաչում, իսկ MMA-ի մարտիկներն ամբողջ աշխարհում հայտնի են, նրանց գիտեն, ճանաչում են:
Ես ձգտում եմ ունենալ այնպիսի մարզական կարիերա և դառնալ այնպիսի մարզիկ, ում մասին կխոսի ամբողջ աշխարհը եւ կճանաչի: Իմ պատկերացմամբ, MMA-ում այդ նպատակին հասնելն ավելի իրատեսական է, քան ըմբշամարտում:
Համատեղելու ե՞ս ըմբշամարտն ու խառը մենամարտերը:
Որքան հնարավորություն ունենամ, կհամատեղեմ, քանի դեռ չեմ գրանցել որեւէ բարձր նվաճում ըմբշամարտում, որպեսզի չեմպիոնի կարգավիճակով հեռանամ պրոֆեսիոնալ սպորտից: Երբ արդեն ժամանակը գա, ընտրություն կկատարեմ այս երկու մարզաձեւերի միջև եւ կընտրեմ մեկը:
Ե՞րբ եւ ի՞նչ մրցաշարում կնշես նորամուտդ:
Հունիսի 26-ին Երեւանում կանցկացվի խառը մենամարտերի երեկո, որտեղ ինձ հնարավորություն է տրված անցկացնել առաջին մենամարտս: Ռուսական ընկերության կազմակերպած երեկո է լինելու: Դեռ վերջնական չեմ որոշել՝ մասնակցել, թե՝ ոչ: Ինքս իմ առջեւ խնդիր եմ դրել. մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արդյունքով կորոշեմ մասնակցել, թե դեռ սպասել, երկար պատրաստվել եւ նոր անցկացնել առաջին մենամարտս:
Արդեն տեւական ժամանակ զբաղվում եմ բռնցքամարտով, գրեփլինգով, բայց քանի որ հավաքների մեջ էինք, ըմբշամարտից բացի, ուրիշ ոչնչով չէի զբացվում, քանի որ այս պահին կարեւոր նպատակս Սկոպյեից մեդալով վերադառնալն է:
Ես ուզում եմ կռվել, ըմբշամարտի գորգ դուրս գալիս էլ իմ մեջ կռվելու, պայքարելու անհագ ծարավ կա: Մանկուց այդպիսին եմ եղել. երբեք չեմ վախեցել ու փախչել կռիվներից: Իմ կռիվը ուզում եմ շարունակել ութանկյունում եւ մեծ ճանաչում ձեռք բերել որպես մարտիկ:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում