20:47  ,  25 ապրիլի, 2021

ԵԱ․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյանը Լեհաստանում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ժամանակից շուտ հաղթեց 2016 եւ 2018 թվականների Եվրոպայի բրոնզե մեդալակիր մոլդովացի Դոնիոր Իսլամովին եւ նվաճեց բրոնզե մեդալ 67 կգ քաշայինների պայքարում:

2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Գալստյանը հաղթանակի հասավ 1 րոպե 56 րոպեում՝ հաղթելով 9:0 հաշվով, միավոր վաստակելու ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին:

Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Մասիկի նկատմամբ (8:0): Քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ հաղթել էր լիտվացի Էդգար Վենցկատիսին՝ 9:0: Եզրափակիչի ուղեգրի համար պայքարում Գալստյանը 4:5 հաշվով պարտվեց լեհ Մատեուժ Բերնատեկին:

Քիչ անց Եվրոպայի ոսկե մեդալի համար գոտեմարտում մրցագորգ դուրս կգա 2020 թ. աշխարհի անհատական գավաթի փոխչեմպիոն, 2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը Ամոյանը կվիճարկի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեի հետ, որին այս տարվա փետրվարին 9:1 հաշվով հաղթել է Կիևի մրցաշարի եզրափակիչում:

Ապրիլի 25-ին երկու սփոփիչ գոտեմարտերում հաղթանակներ տանելուց հետո երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կպայքարի նաեւ Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեպիոն, 2020 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 77 կգ քաշային կարգում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում