19:28  ,  9 ապրիլի, 2021

ԵԱ. Լիանա Գյուրջյանը գրավեց երրորդ տեղը (ֆոտո)

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 7-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը՝ 227 կգ։

Պոկում վարժությունում Լիանա Գյուրջյանը 98 կգ արդյունքով գրավեց 6–րդ տեղը։ Հրում վարժությունում նա 129 կգ արդյունք, որը երկրորդն էր։

Չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Ալինա Մարուշչակը՝ 236 կգ (109+127)։ Երկրորդ տեղը գրավեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Գաելե Նայո Կեչատնկեն՝ 231 կգ (100+131)։

19-ամյա Լիանա Գյուրջյանը 2013 թվականի պատանիների Հայաստանի չեմպիոն է: 2015 թվականին պատանիների Եվրոպայի առաջնությունում 145 կգ երկամարտի արդյունքով չորրորդ տեղն է զբաղեցրել: 2016 թվականին նույն պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել 156 կգ երկամարտի արդյունքով: 2017 թվականի Հայաստանի չեմպիոն է դարձել եւ նույն տարում Կոսովոյում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալ նվաճել 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 183 կգ արդյունքով: 2018-ին կրկին Հայաստանի պատանիների չեմպիոնի կոչումն է նվաճել եւ Միլանում Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն հռչակվել: Արդեն մեծահասակների աշխարհի առաջնությունում 2018 թվականին Թուրքմենստանում Լիանա Գյուրջյանը բավարարվեց 19-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 195 կգ: 2019 թվականին Լաս Վեգասում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել 76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 208 կգ արդյունքով:

Բաթումիում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գյուրջյանը երկամարտում հավաքեց 217 կգ եւ գրավեց չորրորդ տեղը։ Հրում վարժությունում հայ մարզուհին նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 120 կգ։ Պոկում վարժությունում 97 կգ-ով չորրորդն էր։

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն:

Երեկոյան մրցահերթում մրցահարթակ դուրս կգան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը, որոնք հանդես են գալիս նոր՝ 96 կգ քաշային կարգում: Հիշեցնենք, որ Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 89 կգ քաշայինների պայքարում: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Դավիթ Հովհաննիսյանը:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում 7-րդն էր:

Բաթումիում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո (371 կգ, Եվրոպայի ռեկորդ), Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն (167+208):  

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ:

2019 թվականի հոկտեմբերի 26-ին NEWS.am Sport-ին տված հարցազրույցում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հայտարարեց քաշային կարգը փոխելու եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշների համար պայքարելու մտադրության մասին: «Ով, ինչ ուզում է մտածի, ես փոխելու եմ քաշային կարգս եւ փորձելու եմ ուժերս Օլիմպիական խաղերում, քանի որ այժմ իմ գլխավոր նպատակը օլիմպիական չեմպիոնի կոչում նվաճելն է»,- հայտարարեց Հակոբ Մկրտչյանը: Այդ տարի ծանրորդն ընդգրկվեց 2019թ․ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում:

2020 փետրվարից Մկրտչյանը հանդես է գալիս 96 կգ քաշային կարգում: Նոր քաշում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արծաթե մեդալ նվաճեց Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը ֆավորիտների շարքում չէ: Հայաստանի ներկայացուցիչի նախնախական պատվերը 370 կգ է: Նրանից 5 կգ-ով ավելի հայտավորվել է Դավիթ Հովհաննիսյանը, որը նույնպես ֆավորիտների մեջ չէ:

Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:  

Տղամարդկանց 96 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կսկսի Երեւանի ժամանակով 20:50-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ