13:04  ,  29 մարտի, 2021

Իսլանդիայի հավաքականի մարզիչ. Գիտեինք, որ բարդ հանդիպում է ստացվելու Հայաստանի դեմ

Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնը մեկնաբանել է 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականից կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Այնպիսի խաղ էր, որտեղ հաջողության էր հասնելու առաջինը գոլ խփած թիմը: Ստացվեց փակ հանդիպում: Գիտեինք, որ մրցակիցն ունի արագ խաղացողներ: Հանդիպումից առաջ նշել էի, որ Հայաստանի հավաքականը վստահ է իր ուժերին, քանի որ հաջող է հանդես գալիս վերջին խաղերում և ցուցադրում է լավ ֆուտբոլ: Նախապես գիտեինք, որ ընտրական փուլի մեկնարկային 2 հանդիպումները բարդ են ստացվելու: Հաջորդ մրցակիցը Լիխտենշտեյնն է, սակայն մենք չենք թերագնահատի որևէ մրցակցի»,- իսլանդացի մարզիչի խոսքը մեջբերում է RÚV-ը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 2 գոլերը խփել էր ընդմիջումից հետո և առաջին անգամ 2 հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլերում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ Երևանում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում