20:10  ,  5 փետրվարի, 2021

Փաշիկ Ալավերդյան. Թե ինչ միջոցներով ենք բուժում մարզիկներին, հարցրեք բանկին. կասեն, թե ինչքան վարկ ունեմ

Թիմում վնասվածքներ ունենք, բայց ինձ օգնողներ չկան, որ բուժենք այդ վնասվածքները: Թե ինչ միջոցներով ենք բուժումներն անում, հարցրեք բանկին. այնտեղ կասեն, թե ես ինչքան վարկ ունեմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 1-5-ը տեղի ունեցավ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի բոլոր անդամներն, այդ թվում օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Վերջին մրցումային օրը մրցահարթակ դուրս եկան ծանր եւ գերծանր քաշային կարգերի մարզիկները: Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էին գերծանր քաշային կարգում:

Հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է Հայաստանի առաջնությունը:

«Հայաստանի առաջնությունում անակնկալներ չեղան, բայց ուրախալին այն է, որ տղաները գնտվում են իրենց 80 տոկոս մարզավիճակում: Այսինքն՝ մնում է երկու ամիսների ընթացքում ավելացնել մնացածը եւ լավ մարզավիճակով մոտենալ Եվրոպայի առաջնությանը:

Սիմոն Մարտիրոսյանը մասնակցեց գերծանր քաշային կարգում, բայց Եվրոպայի առաջնությունում հանդես կգա իր՝ 109 կգ-ում:

Սամվել Գասպարյանն էլ այստեղ դարձավ 109 կգ քաշային կարգի հաղթող, բայց Եվրոպայի առաջնությունում կմասնակցի 102 կգ քաշային կարգում:

Անդրանիկ Կարապետյանն ու Արսեն Մարտիրոսյանը հրաշալի մասնակցեցին: Կարապետյանը ձեռքի վնասվածքից հետո կարողացավ վերականգնվել, այդ ընթացքում լավ արդյունքներ գրանցել: Նա կրկին մրցահարթակում է: Այս առաջնությունում բարձր քաշում հանդես եկավ եւ այլեւս ներքեւ չի իջնի, կմնա՝ 89 կգ քաշային կարգում:

Գերծանր քաշային Վարազդատ Լալայանի մրցակցությունը Գոռ Մինասյանի հետ կերեւա Եվրոպայի առաջնությունում: Այսօր նրանք ավելի ազատ էին, քան կլինեն Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայում պարզ կլինի, թե ինչպես է Լալայանը պայքարի մեջ մտնում Գոռ Մինասյանի հետ:

Սա փորձամրցում էր, եւ մեզ ուղղակի անհրաժեշտ էր, որ երկար դադարից հետո տղաները մրցապայքարում լինեին, այսպես ասած՝ մրցահարթակը զգացած լինեին, տրիկո հագած լինեին եւ այլն»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հայաստանի հավաքականի առաջատարներից Սիմոն Մարտիրոսյանը երրորդ տեղում ավարտեց պայքարը գերծանր քաշային կարգում, աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն էլ երկրորդն էր 96 կգ քաշայինների պայքարում:

Փաշիկ Ալավերդյանը նկատեց, որ հավաքականի անդամներից մի քանիսը վնասվածքներով էին դուրս եկել մեկնարկի:

«Հակոբ Մկրտչյանը վնասվածքով մասնակցեց, այդ պատճառով երկրորդ տեղում ավարտեց պայքարը: Նույնը Սիմոնի մասին կասեմ, նա ծնկի վնասվածք ունի: Նշեմ, որ թիմում վնասվածքներ ունեցողներ կան, բայց ինձ օգնողներ չկան, որ բուժենք: Մեր ուժերով ենք փորձում բուժել:

Օրինակ, եթե Հակոբ Մկրտչյանը չվերականգնվի մինչեւ Եվրոպայի առաջնություն, չի մասնակցի: Ես բժիշկ չեմ, սպորտային բժիշկ չեմ, տրավմատոլոգ չեմ եւ չեմ կարող ասել՝ մինչեւ Եվրոպայի առաջնություն կհասցնենք վերականգնել տղաների վնասվածքները:

Բացի այն, որ պետք է վերակագնվեն, դեռ պետք է 200-250 կգ ծանրաձող կարողանան պահել գլխավերերում: Մեզ ոչ ոք չի օգնում այս հարցում, իսկ բժիշկները հենց այնպես չեն բուժում: Որպեսզի պարզ լինի, թե ինչ միջոցներով ենք բուժում տղաների վնասվածքները, դիմեք բանկին եւ հարցրեք, թե որքան վարկ ունեմ ես»,- պատասխանեց Փաշիկ Ալավերդյանը:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի չեմպիոններ են՝ Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ): 109 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երրորդ տեղը զբաղեցրեց գերծանր քաշայինների պայքարում, իսկ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկտրչյանը երկրորդն էր 96 կգ քաշայինների պայքարում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում