16:53  ,  22 սեպտեմբերի, 2012

Ժան Լեն. Մենք ցանկանում ենք, որ ձիասպորտը զարգանա նաեւ Հայաստանում

«Մոտ հինգ տարի հետո տարբեր երկրների ձիասպորտի սիրահարներ կկարողանան Հայաստանում կայանալիք ձիավազքերի, ձիարշավների համար խաղադրույքներ կատարել բույքմեյքերական ընկերություններում։ Սա հայկական ձիասպորտի զարգացման եւ աշխարհով մեկ ճանաչվելու լայն հնարավորություն է»։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան ժամանած ֆրանսիական PMU բույքմեյքերական ընկերության ներկայացուցիչ Ժան Լենը։

Ժան Լենը Հայաստանում է ձիասպորտի ֆեդերացիայի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։

«Ես լավ ծանոթ եմ Հայաստանի  ձիասպորտի ֆեդերացիային, ինչպես նաեւ ֆեդերացիայի նախագահին։ Մենք միասին համաձայնության ենք եկել՝ Հայաստանում ձիասպորտը զարգացնելու նպատակով։

Կնքվում է մի համաձայնագիր, ըստ որի հայ հանդիսատեսը կարող է միջազգային մրցումներում խաղադրույքներ կատարել։ Շրջանառվող գումարի 3 տոկոսը կհատկացվի Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիային»,- ասաց Ժան Լենը։

NEWS.am Sport-ի հարցին, թե աշխարհահռչակ PMU բուքմեյքերական ընկերությունը ինչու է որոշել մուտք գործել Հայաստան, ինչով է հայկական ձիասպորտը գրավիչ, Ժան Լենը պատասխանեց.

«Արդեն մի քանի տարի Ֆրանսիան համարվում է այն երկիրը, որտեղ շատ ավելի լավ է կազմակերպված ձիասպորտի ֆինանսավորման գործընթացը։ Մեր կառույցը՝ PMU-ն համագործակցում է Բելգիայի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի հետ։ Հայաստանի վրա կանգ առանք այն ժամանակ, երբ Ֆրանսիայում պատահաբար հանդիպեցինք մեր հայ ընկերներին։ Նրանց միջոցով ծանոթանալով հայկական ձիասպորտին, ցանկություն հայտնեցինք նույն գործունեությունը ծավալել Հայաստանում՝ մեր հայ ընկերների հետ։ Հայկական ձիասպորտի մասին տեղեկացանք երկու տարի առաջ։ Իսկ մինչեւ այդ Հայաստանի մասին բազմիցս լսել եմ իմ ֆրանսահայ ընկերներից, որոնք ձիասպորտի սիրահարներ են, ունեն իրենց անձնական ձիերը, ձիանոցները։

Քանի որ մենք ինքներս շատ սիրում ենք ձիասպորտ, ցանկություն ունենք, որ այս մարզաձեւը զարգանա նաեւ  Հայաստանում եւ լայն տարածում գտնի, ինչպես մյուս սպորտաձեւերը, օրինակ՝ ֆուտբոլը»։

Ըստ Ժան Լենի, հուշագիրը նպատակ ունի «շուրջ հինգ տարի անց մյուս երկրների խաղադրույքները կատարողները կարողանան խաղադրույքներ կատարել Հայաստանում անցկացվող ձիավազքի վրա։ Մենք այդ փորձն արդեն ունենք Բելգիայում եւ դա շատ լավ արդյունք է տվել»։

Ժան Լենը բացի  PMU ընկերության ներկայացուցիչ լինելուց, Ֆրանսիայում նախագահում է ձիերի հարցերով զբաղվող ֆեդերացիան, որը պատկանում է գյուղատնտեսության նախարարությանը։ Ինչպես նշում է Ժան Լենը, ձիերի հարցերով ֆեդերացիան ստանձնում է ձիերի հարցերով նախարարության դեր։

«Ես Ֆրանսիայում զբաղվում եմ ձիերի հարցերով, ներկայացնում եմ ձիերի հարցերով նախարարությունը։ Բայց մեր գործունեությունն կապված է գյուղատնտեսության նախարարության հետ։ Սա շատ կարեւոր կառույց է Ֆրանսիայում, քանի որ այս տնտեսական գործունեությունը աշխատանքի հնարավորություն է տալիս 70 հազար աշխատողի»,-հավելեց Ժան Լենը։

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Ֆոտո` Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English