14:39  ,  22 սեպտեմբերի, 2012

Հ. Հայրապետյան. PMA-ի հետ համագործակցությունը կտա ֆինանսական ներդրումներ եւ ձիասպորտի զարգացում

Հայաստանում ձիասպորտի սիրահարները հնարավորություն կունենան խաղադրույքներ կատարել Հայաստանում եւ արտերկրում անցկացվող ձիավազքերում եւ ձիարշավներում մրցող ձիերի կամ ձիավարների համար: Այս մասին այսօր` սեպտեմբերի 22-ին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը:

Այսօր, սեպտեմբերի 22-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի ակումբում ֆրանսիական` PMU (Pari Mutuel Urbain) բուքմեյքերական ընկերության գործընկեր` PMA (Pari Mutuel Armenia) հայկական ընկերության եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի  միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, ըստ որի Հայաստանում ներդրվում է ձիասպորտի համար նախատեսված բուքմեյքերական համակարգ։

«Ամիսներ առաջ Հայաստանում ստեղծվեց Pari Mutuel Armenia ընկերությունը՝ արտասահմանյան կապիտալով։ Սա ֆրանսիական աշխարհահռչակ Pari Mutuel Urbain բուքմեյքերական ընկերության գործընկերն է։ PMU ընկերությունը հայտնի է, որպես արագավազ ձիերի վազքարշավների կազմակերպիչ։ Այդ կազմակերպությունը, ուսումնասիրելով հայկական ձիասպորտը, ցանկություն է հայտնել Հայաստանում ներդնել ձիարշավների բուքմեյքերական համակարգը։ Խաղադրույքներից առաջացած գումարների ընդհանուր շրջանառության 3 տոկոսը կհատկացվի Հայաստանում ձիարշավներ կազմակերպելուն։ Իսկ արդեն Հայաստանի մրցումներից առաջացած գումարների 10 տոկոսը  կտրամադրվի Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիային, մարզաձեւը էլ ավելի զարգացնելու, մարզիկներով, մարզիչներով եւ ձիերով համալրելու, մարզումները պատշաճ անցկացնելու, ինչպես նաեւ ձիասպորտի ակումբները վերանորոգելու համար։

Ըստ հուշագրի, մինչեւ 2013 թվականի հունվար այս հուշագիրը պետք է դառնա պայմանագիր։

Սա մարզաձեւի զարգացման առաջին փուլն է։ Ստեղծվելու է ձիերի զրո դասարան, այսինքն՝ երիտասարդ ձիերը նախ` մի քանի տարի փորձնական փուլ կանցնեն, ապա կմտնեն մեծ սպորտ եւ կմասնակցեն ձիարշավների։

Արդյունքում՝ կունենանք եւ ձիեր, եւ ֆինանսական ներդրումներ եւ ձիասպորտի զարգացում»,- ասաց Հայրապետ Հայրապետյանը:

Պատրաստեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում