23:15  ,  13 դեկտեմբերի, 2020

Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում:

67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը պարտության մատնեց ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին (4:4): Առաջին մրցափուլում Գալստյանը պարտվում էր 0:4 հաշվով: Գորգի մրցավարը նախ պասիվություն տվեց Գալստյանին, ապա նստեցրեց պարտեր դրություն: Ուկրաինացի մրցակցին հաջողվեց գլորում կատարել, ապա աշխատանքային գոտուց դուրս բերել Գալստյանին: Երկրորդ մրցափուլը աշխարհի բրոնզե մեդալակիրը սկսեց մեծ ակտիվությամբ: Երկու միավոր վաստակելուց հետո, Սլավիկ Գալստյանը կարողացավ հարմար բռնվածքով գլորել Պոլիտաեւին, ապա տուշեով ավարտել գոտեմարտը ժամանակից շուտ: Ուկրաինացի ըմբիշը բժիշկների օգնության կարիք ունեցավ: Չկարողացավ ոտքի կանգնել հաղթողին հայտարարելու համար:

2019 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Գալստյանը աշխարհի գավաթում մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսի նկատմամբ (7:0)։ Քառորդ եզրափակիչում Գալստյանը վիճելի մրցավարական որոշումների պայմաններում պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին (4:7), որը նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Գալստյանը հնարավորություն ստացավ պայքարը շարունակել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Գալստյանը հաղթեց Պերուի ներկայացուցիչ Գոնսալո Գասրիային (5։1)։

Հայաստանի հավաքականի 4 ներկայացուցիչներ շարունակում են մեդալային պայքարը:

Մալխաս Ամոյանը (72 կգ) մրցումային առաջին օրը 3 տպավորիչ հաղթանակ (6:0, 12:0, 7:0) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:

Կարապետ Չալյանը (77 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթել է հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էյզելեին (4։1): Բրոնզե մեդալի համար կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեշի հետ։

 Գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը պայքարը շարունակելու է բրոնզե մեդալի համար: 130 կգ քաշայինների կիսազերափակիչում Օվասապյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմենովի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով: Օվասապյանը պայքարը սկսել էր որոկավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով հաղթել էր 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը վերջին միավորի առավելությամբ հաղթել էր Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ֆերնանդեսին (1:1):

Դեկտեմբերի 14-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտում Օվասապյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Միկոլա Կուչմին: Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ալեքսանյանը 97 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Մուսա Եվլոեւի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով վիճահարույց մրցավարության պայմաններում։ Գոտեմարտից հետո Արթուր Ալեքսանյանը ցուցադրաբար ծափահարեց մրցավարներին կողմնակալության համար եւ զգուշացվեց։ Մուսա Եվլոեւը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Արթուր Ալեքսանյանը դեկտեմբերի 14-ին կշարունակի պայքարը բրոնզե մեդալի, որտեղ երկու սփոփիչ գոտեմարտերում նրա մրցակիցները կլինեն Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովը եւ Շվեյցարիայի ներկայացուցիչ Դամիան Վոն Իուվը:

Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկած Հայաստանի մյուս բոլոր ներկայացուցիչները պարտվել են: 60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը որակավորման փուլում մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Գյանենդեր Գյանենդերի հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։ Եվրոպայի գործող չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը (63) մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ թուրք Աբդուրահման Ալտանի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում Ղարիբյանը զիջեց Ղրղզստանի ներկայացուցիչ Կալի Սուլեյմանովի եւ դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ ղրղզ ըմբիշը եզրափակիչի ուղեգիր չնվաճեց: 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, որին հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը աշխարհի գավաթի կազմի մեջ ընդգրկեց վերջին պահին, մեկնարկեց 1/16 որակավորման փուլից եւ 1։9 հաշվով պարտվեց ռումինացի Գեորգի Մարիեային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում