15:19  ,  13 դեկտեմբերի, 2020

Աշխարհի գավաթ․ Արթուր Ալեքսանյանը պարտվեց Մուսա Եվլոեւին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում գոտեմարտեց 2019թ․ աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոեւի հետ եւ պարտություն կրեց 1։5 հաշվով վիճահարույց մրցավարության պայմաններում։ Գոտեմարտից հետո Արթուր Ալեքսանյանը ցուցադրաբար ծափահարեց մրցավարներին կողմնակալության համար եւ զգուշացվեց։

Հիշեցնենք, որ անցած տարի Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվեց եզրափակիչ գոտեմարտից եւ ոսկե մեդալը զիջեց Մուսա Եվլոեւին:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում սփոփիչ գոտեմար անցակցրեց Պերուի ներկայացուցիչ Գոնսալո Գասրիայի հետ եւ հաղթանակ տարավ 5։1 հաշվով։ Բրոնզե մեդալի համար Գալստյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Արթուր Պոլիտաեւը։

Կարապետ Չալյանը (77 կգ) նույնպես հաղթանակ տարավ սփոփիչ գոտեմարտում։ Նա 4։1 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Պասկալ Էյզելեին եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեշի հետ։

Գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 3։1 հաշվով հաղթեց 2015 թվականի Միջերկրածովյան երկրների առաջնության փոխչեմպիոն, սերբ Բոբան Զինովիչին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

60 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը որակավորման փուլում մրցեց Հնդկաստանի ներկայացուցիչ Գյանենդեր Գյանենդերի հետ եւ պարտություն կրեց 0։3 հաշվով։

82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, որին հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը աշխարհի գավաթի կազմի մեջ ընդգրկեց վերջին պահին, մեկնարկեց 1/16 որակավորման փուլից եւ 1։9 հաշվով պարտվեց ռումինացի Գեորգի Մարիեային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում