22:34  ,  12 դեկտեմբերի, 2020

Աշխարհի Գավաթ. Չալյանը, Մկրտչյանը և Գալստյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը դեկտեմբերի 13-ին կպայքարեն մեդալների համար:

Մալխաս Ամոյանը (72 կգ) 3 տպավորիչ հաղթանակ (6:0, 12:0, 7:0) տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն, ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին, որը դուրս է եկել եզրափակիչ:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 7:0 հաշվով հաղթելով կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսին: Քառորդ եզրափակիչում Գալստյանը վիճելի մրցավարական որոշումների պայմաններում 4:7 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին, որը նույնպես ևս նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում հաղթահարեց լեհ Իվան Նիլիպիուկի արգելքը (4:0), իսկ 1/8 եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց իտալացի Մատեո Մաֆեցոլիին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը վիճարկեց կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովի հետ և պարտություն կրեց 1:3 հաշվով: Վլասովը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2:3 հաշվով պարտվեց 2019թ. երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Իստվան Տակաչին և լքեց պայքարը:

Քանի որ Ռուդիկ Մկրտչյանին, Սլավիկ Գալստյանին ու Կարապետ Չալյանին հաղթած ըմբիշները նվաճել են եզրափակիչի ուղեգիր, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն ստացան դեկտեմբերի 13-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Սփոփիչ գոտեմարտում Ռուդիկ Մկրտչյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին: Սլավիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ռուբեն Մարվիցե (Իտալիա) - Գոնսալո Գարսիա (Պերու) զույգի հաղթողի հետ, իսկ Կարապետ Չալյանը՝ Գեորգիոս Պրևոլարակիս (Հունաստան) - Պասկալ Էիսելե (Գերմանիա) զույգի հաղթողի:

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ին: Նրանց առաջին մրցակիցները ևս հայտնի են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում