16:19  ,  12 դեկտեմբերի, 2020

Աշխարհի Գավաթ. Մալխաս Ամոյանը կիսաեզրափակիչում է՝ 12:0

Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը (72 կգ) տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 12-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Երկրորդ գոտեմարտում Ամոյանը 1 րոպե 47 վայրկյանում 12:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:

2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 6:0 հաշվով ուժեղ էր գտնվել 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչից:

Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի թուրք Չենգիզ Արսլանը:

Աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ՝ Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Կարապետ Չալյան (77 կգ) և Արթուր Շահինյան (87 կգ):

Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 0:4 հաշվով պարտվեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն, ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 7:0 հաշվով հաղթելով կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսին: Գալստյանի հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում հաղթահարեց լեհ Իվան Նիլիպիուկի արգելքը (4:0), իսկ 1/8 եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց իտալացի Մատեո Մաֆեցոլիին: Կիսաեզրափակիչի ուղեգիրը գյումրեցի ըմբիշը կվիճարկի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուս Ռոման Վլասովի հետ:

2018թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանը (87 կգ) մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 2:3 հաշվով պարտվեց 2019թ. երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունգարացի Իստվան Տակաչին:

Հիշեցնենք, որ Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ կմտնեն դեկտեմբերի 13-ին: Նրանց առաջին մրցակիցները ևս հայտնի են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում