16:04  ,  11 դեկտեմբերի, 2020

«Նոան» վարձակալել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Նոա» ֆուտբոլային ակումբը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի՝ Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան 5 տարի ժամկետով (հետագայում երկարաձգելու նախնական պայմանով) վարձակալության է տրվել «Նոա» ակումբին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի և «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ երևանյան ակումբը, բացի ակադեմիայի գործարկման և պահպանման ծախսերից, նաև պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել ներդրումային ծրագիր։ Վաղարշապատի ակադեմիայի մարզադաշտն ունենալու է լուսավորություն, հիմնական խաղադաշտի հարևանությամբ կառուցվելու է 1000 նստատեղով նոր տրիբունա, տեղադրվելու է 2 ժամանակակից լուսատախտակ։ «Նոան» նաև պատրաստվում է հետագայում տնային հանդիպումներն անցկացնել Վաղարշապատի ակադեմիայում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Նոան» դարձել էր Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր ու փոխչեմպիոն, իսկ այս տարի նաև նորամուտը նշեց եվրագավաթներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով