13:12  ,  22 սեպտեմբերի, 2020

Իբրահիմովիչ. Կխփեի ևս 2 գոլ, եթե 20 տարի երիտասարդ լինեի

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Բոլոնիայի» հետ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղում (2:0) դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ես լավ մարզավիճակում եմ, աշխատում եմ ինձ վրա: Մենք հաղթեցինք, բայց կարող էինք խփել ավելի շատ գոլեր: Անձամբ ես կխփեի ևս 2 գոլ, եթե 20 տարի երիտասարդ լինեի: Ես ծեր չեմ: Ես Բենժամին Բաթոնի պես եմ՝ սկսում եմ ծերությունից և կմահանամ երիտասարդ: Եթե ավելի լուրջ, թիմը հրաշալի աշխատանք կատարեց: Մենք դեռ պատրաստ չենք 100 տոկոսով, այդ պատճառով եղան սխալներ, որոնք սովորաբար թույլ չենք տալիս»,- 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ 23-րդ մրցաշրջանում անընդմեջ: Նա գոլային շարքը սկսել է 1999 թվականից: Այս ընթացքում հարձակվողը հանդես է եկել նաև շվեդական «Մալմյոյում», հոլանդական «Այաքսում», իտալական «Յուվենտուսում», «Ինտերում», կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում