10:20  ,  20 սեպտեմբերի, 2020

1930-ականներին կառուցված մարզադպրոցը կունենա նոր շենք․ հարցազրույց նորընտիր տնօրենի հետ (ֆոտո)

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը նոր տնօրեն ունի: ԿԳՄՍ-ի կողմից հայտարարված մրցույթում մարզադպրոցի տնօրեն է ընտրվել հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա 2011 թվականից գլխավորում է հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականը:

1930-ականներին կառուցված մարզադպրոցը շուտով կունենա նաեւ լիովին նոր շենք: Կառավարության որոշմամբ մարզադպրոցի շենքը կքանդվի եւ նույն տեղում մեծ մարզահամալիր կկառուցվի հեծանվային սպորտի, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի համար:

Երեւանի մետրոյի «Գործարանային» կայարանի հարեւանությամբ գտնվող հեծանվային սպորտի մարզադպրոցը մոտ 90 տարեկան է: Ստեղծման օրվանից շենքը չի հիմնանորոգվել. պատերը կիսաքանդ են, ճեղքերով, շենքի ներսում գտնվելը կյանքի համար վտանագավոր է: Մարզադպրոցի նախկին տնօրենները հնարավորությունների չափով կոստեմիկ վերանորոգումներ արել են, բայց ամիսներ առաջ երկրորդ հարկում տեղակայված սանհանգույցի առաստաղը փլվել է: Շենքը գնահատվում է չորրորդ կարգի վթարային: Հեծանվորդները մարզումների հաճախելիս գտնվում եւ մարզվում են միայն բակային տարածքում, շենք չեն մտնում: Ֆիզիկական վարժությունների համար նախատեսած դահլիճները անմխիթար վիճակում են: Հեծանվորդները մարզումներից հետո արդեն վաղուց ցնցուղ ընդունելու հնարավորություն չունեն: Հենց այս մարզադպրոցում է մարզվում նաեւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը:

NEWS.am Sport-ի թղթակիցն այցելեց մարզադպրոց, հետեւց մարզումային գործընթացին, շրջեց կիսաքանդ շենքում:

Պարոն Գյոզալյան, շնորհավորում եմ մարզադպրոցի տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպե՞ս եւ ու՞մ առաջարկով դրեցիք ձեր թեկնածությունը:

Մրցույթով եմ ընտրվել տնօրենի պաշտոնում, չեմ նշանակվել: ԿԳՄՍ նախարարությունը մարզադպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարեց, մասնակցեցի եւ ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեցի: Ուրախ եմ, որ հենց այս մարզադպրոցի տնօրեն եմ նշանակվել, ինքս էլ եղել եմ այս դպրոցի սան եւ մինչ օրս այստեղ աշխատել եմ որպես մարզիչ:

Մարզադպրոցի աշխատանքները չե՞ն խանգարի հավաքականի աշխատանքներին:

Մեկը մյուսին չի խանգարում: Օրենքը թույլ է տալիս, որ ես համատեղեմ: Կարող եմ տնօրենի պաշտոնին զուգահեռ զբաղվել նաեւ սպորտային, մշակութային կամ այլ գործունեությամբ: Պարտավորեցնող է նշանակվել այս մարզադպրոցի տնօրեն: Այստեղ աշխատել են մարդիկ, հեծանվային սպորտի նվիրյալներ, որոնք քարը քարի վրա շարելով պահել են դպրոցը, լավագույն սաներին տվել: Հարությունյան, Սոլոյան. նրանք լավ հիմք են դրել այս մարզադպրոցում, նրանց առաքելությունը շարունակել է Մարտին Շարբաթյանը: Հիմա ես եմ նրանց գործի շարունակողը եւ պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցի լավագույն ավանդույթները շարունակենք, բարձր արդյունքներ նվաճենք, չեմպիոններ տանք:

Մարզադպրոցի շենքը չորրորդ կարգի վթարային է, պայմանները՝ կյանքին սպառնացող, բայց արդյունքները խոսում են իրենց մասին: Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդներից եւ ինչպե՞ս է ստացվում վատ պայմաններում բարձր արդյունքներ գրանցելը:

Երեւի լավ առումով այս մարզաձեւով հիվանդ լինելն է օգնում, պայմանները հաշվի չառնելով, նվիրված աշխատելն ու լավ արդյունքներ գրանցելը: Ունեցել ենք Մհեր Մկրտչյան՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Հովհաննես Հովհաննիսյան՝ միջազգային մրցաշարերի հաղթող, Էդուարդ Մաթոսյան, Վարշամ Դարբինյան... Այստեղ է մարզվում նաեւ Մ23 Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Շատ տղաներ ենք ունեցել: Լավ ժառանգություն եմ ստացել նախորդներից: Խմբերը կան, աշխատանքային պրոցեսը շատ լավ է ընթանում՝ չհաշված վատ շենքային պայմաններին: Մոսկվայաբնակ բարերար Ռուբեն Դավթյանը մարզադպրոցին նվիրել է ավտոմեքենա, որը պետք է մարզումների ժամանակ հեծանվորդներին ուղեկցելու համար։

Համավարակով պայմանավորված մարզվողների քանակի նվազում ունե՞ք:

Այո, ցավոք, ծնողները դեռ չեն վստահում եւ թույլ չեն տալիս, որ իրենց երեխաները հաճախեն մարզումների: Մայիսի 4-ից պրոֆեսիոնալ հեծանվորդներն էին սկսել մարզումները, սեպտեմբերի 15-ից մարզադպրոցի աշխատանքն է վերսկսվել: Մարզիչները զանգում են երեխաներին, տեղեկացնում, բայց դեռ հաճախելիությունը քիչ է՝ չնայած նրան, որ անվտանգության եւ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանում ենք՝ ջերմաչափում, ախտահանիչ նյութեր եւ այլն: Գույքային վիճակն է շատ անհանգստացնող: Հեծանիվների, մարզահագուստի, կոշիկների, սաղավարտների խնդիր ունենք: Ունենք խմբեր, որտեղ մարզիչ մի քանի երեխայի հետ միաժամանակ մեկ հեծանիվով է մարզում անցկացնում:

Այս ամենին զուգահեռ ունենք ուրախալի լուր: Կառավարության որոշումամբ հաստատված է մեր մարզադպրոցի տեղում նոր շենք կառուցելու ծրագիրը:

Այսինքն՝ մարզադպրոցը կունենա՞ նոր շենք, թե՞ կհիմնանորոգվի:

Լիովին նոր շենք է լինելու հին շենքի տեղում: Թե մենք, թե երեխաներն անհամբեր սպասում ենք այդ օրվան, թե երբ պետք է ունենանք նոր շենք: Ըստ նախագծի, նախատեսվում է այստեղ կառուցել մեծ մարզահամալիր՝ երկու մասնաշենքից բաղկացած: Մի մասնաշենքը կլինի հեծանվասպորտինը, մյուսը՝ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի սաներին:

Մարզահամալիրը լինելու է կցված, երկու մասնաշենքով: Մեկում կտեղակայվի գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի 1076.0 քմ մակերեսով դահլիճը եւ 348 քմ մակերեսով օժանդակ կառույցները։ Մյուսը կլինի հեծանվային մարզադպրոցի՝ երկու հարկանի, հարթ տանիքով եւ ներքին բակով մասնաշենքը ընդհանուր 1280 քմ մակերեսով : Երկու մասնաշենքերի պարագծով նախատեսված է հեծանվաուղի ասֆալտբետոնե ծածկույթով՝ 220 մ երկարությամբ եւ 2 մ լայնությամբ։ Նախագիծն իրականացվում  քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «ՀԳՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Նախագծի գլխավոր ճարտարապետն է Գագիկ Հարությունյանը:

Դեռ մարտ ամսին պետք է սկսեին շենքի քանդման աշխատանքները, բայց համավարակի պատճառով հետաձգվեց: Առաջիկա 2-3 ամիսների ընթացքում աշխատանքները կսկսվեն: Մենք կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան մեծ շենք:

Քանի՞ երեխա է մարզվում այս մարզադպրոցում եւ ընդհանուր ի՞նչ պատկեր ունենք հեծանվասպորտում:

Համավարակի պայմաններում շուրջ 100 երեխա է մարզվում, բայց ընդհանուր 250-ից ավելի են մեր սաները այդ թվում եւ Աբովյան, Մասիս քաղաքների, Վանաձորի մասնաճյուղերը:  Այս թիվն  ասում եմ միայն մեր մարզադպրոցի մարզվողների քանակով: Հայաստանում թե քանի մարզվող ունենք հեծանվասպորտով, պարզ կլինի ներքին առաջնությունից հետո: Հոկտեմբերի վերջին նախատեսված է հեծանվահրապարակ եւ խճուղի ձեւերի Հայաստանի առաջնությունները: Ըստ մասնակցության քանակի՝ մոտավոր պատկեր կստանանք, թե ինչ մասսայականություն է վայելում հեծանվասպորտը Հայաստանում եւ քանի մարզվող կա:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով