23:33  ,  15 սեպտեմբերի, 2020

Ալեքսանդր Կարապետյան. Գոհ եմ իմ կատարած աշխատանքից, սակայն ավելիին եմ ընդունակ

Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ուֆայի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, հանդիպման ավարտից հետո խոսել է «Տամբովի» և նոր թիմում իր մրցելույթների մասին:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և արժանի էինք հաղթանակի: «Տամբովը» մրցունակ ֆուտբոլ է ցուցադրում նույնիսկ այն հանդիպումներում, որոնցում միավորներ է կորցնում: Իհարկե, 7 միավորն այնքան էլ վատ արդյունք չէ, սակայն մենք պետք է ձգտենք ավելիին:

Չէի ասի, որ «Տամբովում» մրցակցությունն ավելի թույլ է, քան «Սոչիում»: Չեմ ցանկանում ասել բաներ, որոնք կարող են այլ կերպ ընկալվել, սակայն «Սոչիում» ամեն ինչ չէր, որ արդար էր: Ինչ վերաբերում է կլիմայական պայմաններին, ապա Սոչիում կլիման ավելի բարենպաստ էր, քանի որ կար ծով, կային սարեր: Այնուամենայնիվ, Սարանսկը ևս բավականին գեղեցիկ, հարմարավետ, մաքուր քաղաք է, որտեղ հնարավոր է կենտրոնանալ ֆուտբոլի վրա:

Ամռանն առաջարկներ էի ստացել արտասահմանից, սակայն ես ցանկանում էի մնալ Ռուսաստանում և շարունակել մրցելույթներս հենց այս առաջնությունում: Այժմ փորձում եմ գոլերի և այլ արդյունավետ գործողությունների միջոցով շնորհակալություն հայտնել մարզիչներին վստահության համար: Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, սակայն գիտեմ, որ ավելիին եմ ընդունակ:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլը դժվար դրության մեջ է հայտնվել: Ոչ միայն ռուսական, այլ նաև արտասահմանյան թիմերն են մեծ պարտքեր կուտակել: Տեսեք, «Վալենսիան» ևս չի կարողանում վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Մեր մարզական տնօրեն Պավել Հուդյակովը հավաստիացրել է, որ ամսվա ավարտին բոլոր պարտքերը մարված կլինեն: Մենք հավատում ենք նրան»,- Կարապետյանի խոսքը փոխանցում է Sovsport-ը:

Նշենք, որ 7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում