10:12  ,  10 սեպտեմբերի, 2020

Ալեքսանդր Կարապետյան. Այսպիսի մակարդակում իմ ամենագեղեցիկ գոլն էր (ֆոտո)

Մեկ տարվա ընդմիջումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ հաղթեց: Էստոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի հանդիպման (2:0) գլխավոր հերոսը դարձավ ռուսական «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը նախ գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը, այնուհետև դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ: Պատահական չէր, որ Կարապետյանը ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 32-ամյա ֆուտբոլիստն ամփոփեց Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ խաղերը, պատմեց հավաքականի նորեկների ու նոր գլխավոր մարզիչի հետ աշխատանքից առաջին տպավորությունների մասին:

Հայաստանի հավաքականը կարողացավ հաղթանակի հասնել տևական ընդմիջումից հետո: Առանց հաղթանակների շարքը հոգեբանական առումով ճնշո՞ւմ էր թիմին:

Առանց հաղթանակների շարքը բարդ է, բայց մակեդոնացիների դեմ խաղից հետո ես շատ դրական էի տրամադրված: Մենք պարտվեցինք, սակայն ցուցադրեցինք լավ խաղ և վստահ եմ, որ զգալիորեն գերազանցեցինք մրցակցին: Սկոպյեում արժանի էինք նվազագույնը ոչ ոքիի: Երկրորդ րոպեին մեր դարպասին նշանակված 11 մետրանոցը, հետո նաև երկրորդը շատ խանգարեցին մեզ, այլապես կարող էինք հաղթել մակեդոնացիներին: Էստոնիայի հավաքականի դեմ նույնպես լավ խաղացինք: Գիտեինք, որ բարդ է խաղալ այդպիսի պաշտպանողական թիմի դեմ: Փառք Աստծո, որ կարողացա խփել առաջին գոլը և օգնել թիմին: Մենք լավ գիտակցում էինք, որ եթե առաջինը հասնենք հաջողությանը, դա զգալիորեն կհեշտացնի մեր գործը:

Էստոնացիների դարպասը քո խփած գեղեցիկ գոլը փոխեց խաղը: Կարելի է ասել, որ դա քո ամենագեղեցիկ գոլերից էր:

Լյուքսեմբուրգում ես շատ եմ խփել այդպիսի գոլեր, սակայն քչերն են տեսել դա: Իսկ այսպիսի բարձր մակարդակում դա իմ ամենագեղեցիկ գոլն էր:

Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի դեմ խաղերում Հայաստանի հավաքականը զգալիորեն ավելացրեց երկրորդ խաղակեսում: Ինչի՞ հետ ես կապում դա:

Կարծում եմ, որ մակեդոնացիների դեմ խաղում ևս պահեր ունեցանք առաջին խաղակեսում, պարզապես չիրացրինք դրանք: Ես նույնպես կարող էի գրավել դարպասը: Էստոնացիների դեմ խաղում երկրորդ խաղակեսում կարող էր պատկերն այլ լինել, եթե ընդմիջումից հետո պահպանվեր 0:0 հաշիվը:

Այս հավաքին թիմին միացել էին մի շարք նորեկներ: Ըստ քեզ, ի՞նչ նրանք ավելացրին թիմում:

Բայրամյանը, Կորյանը, Յուրչենկոն, Անգուլոն և մյուս նորեկները շատ են օգնում թիմին: Կարծում եմ՝ նրանց գալով մեր թիմը շատ ավելի ուժեղ է դարձել, քան նախկինում էր: Պետք չէ մոռանալ, որ ունենք նաև Հենրիխ Մխիթարյանի պես խաղացող: Երբ Հենրիխն էլ միանա թիմին, կլինի պարզապես «թոփ»:

Այս խաղերում առջևի գծում համագործակցում էր ֆուտբոլիստների հետ, որոնց հետ նախկինում երբեք չէիր խաղացել: Խաղակցվածության խնդիրը զգալ տալի՞ս էր խաղադաշտում:

Անկեղծ ասած, ինքս զարմացել էի, քանի որ շատ լավ էինք համագործակցում թիմի նորեկների հետ: Հավաքի ընթացքում շատ ժամանակ էինք անցկացնում միասին և հասցրեցինք ճանաչել միմյանց: Մարզումներից դուրս շփումները ևս օգտակար են լինում: Թիմում հրաշալի մթնոլորտ է, ինչը շատ է հեշտացնում մեր գործը:

2 տուրերից հետո ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի հավաքականի շանսերն Ազգերի լիգայի այս խմբում:

Կարծում եմ՝ ունենք լավ շանսեր: Դա ասում եմ ոչ թե մեր հաղթանակի պատճառով, այլ մեր ցուցադրած խաղի: Լավատեսորեն եմ նայում առաջ: Մակեդոնացիների դեմ խաղում էլ գոլային պահերով գերազանցեցինք մրցակցին, պարզապես հաջողությունը մեր կողմը չէր:

Հայաստանի հավաքականն առաջին խաղերն անցկացրեց Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Իսպանացի անվանի մասնագետի հետ աշխատանքում առանձնահատուկ ի՞նչ-որ բան նկատեցիր:

Մարզիչը շատ ժամանակ չուներ, բայց կարողացավ արդյունավետ աշխատանք կատարել: Երբ մենք ժամանեցինք, հանդիպմանը մնում էր 3 օր: Նա փորձում էր հնարավորինս շատ տեղեկություններ փոխանցել մեզ, սակայն չէր ծանրաբեռնում այդ հարցում: Որոշ մարզիչներ ֆուտբոլիստներին ծանրաբեռնում են բազմաթիվ տեղեկություններով, որոնք շատ բարդ է հիշել: Իսկ Խոակին Կապառոսն ամեն օր մոտ 30 րոպեում փորձում էր մեզ փոխանցել ամենակարևորը: Նրա հետ աշխատանքն ինձ շատ դուր եկավ բոլոր առումներով: Կարծում եմ՝ մյուս ֆուտբոլիստները ևս կարողացան լավ հասկանալ մարզիչին:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Վրաստանի հավաքականի հետ: Դու 11 տարի ապրել ես Վրաստանում: Այդ խաղն առանձնահատուկ նշանակություն ունի՞ քեզ համար:

Այո, դա շատ առանձնահատուկ հանդիպում է լինելու ինձ համար: Մանկության տարիներին, երբ տատիկիս հետ անցնում էինք Թբիլիսիի «Դինամոյի» ստադիոնի մոտով, նայում էի և մտածում, որ հրաշալի կլիներ մի օր խաղալ այդտեղ: Շատ ուրախ եմ, որ խաղալու ենք Վրաստանի հավաքականի հետ: Դա նաև ինձ համար հրաշալի հնարավորություն է վերադառնալ այն վայրը, որտեղ երկար ժամանակ ապրել եմ: Այդ հանդիպումը շատ հուզական է ինձ համար:

Այս ամռանը միացար «Տամբովին», որտեղ դարձել ես մեկնարկային կազմի խաղացող ես և 6 խաղում դարձել ես 2 գոլի հեղինակ: Կարելի է ասել, որ գտել ես քո թիմը:

Կարծում եմ, որ «Սոչիում» ևս ես գտել էի իմ թիմը: Սակայն հարձակվողների դեպքում շատ կարևոր է, որ մարզիչը վստահի քեզ: Հակառակ դեպքում շատ ծանր է քեզ համար: «Սոչիում» ինձ պարզապես չէին վստահում և կարծում եմ, որ այդտեղ կային այլ պատճառներ, որոնք ինձ համար անհայտ են: Ես շատ լավ մարզավիճակում էի միացել թիմին, բայց հնարավորություն չէի ստանում: Նոր մարզիչը ևս չէր վստահում ինձ, թեև կարծում եմ, որ ես ոչնչով չէի զիջում թիմի մյուս հարձակվողներին: «Տամբովում» ինձ բոլորը վստահում են, իսկ ես խաղադաշտում պատասխանում եմ այդ վստահությանը:

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով