19:44  ,  7 սեպտեմբերի, 2020

Կապառոս․ Մխիթարյանի հետ իմ զրույցից դատելով՝ կարող եմ ասել, որ ոչ մի տարաձայնություն չկա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Էստոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպումից առաջ տեղի ունեցած ասուլիսում հեռավար պատասխանել է լրագրողների հարցերին։

«Իհարկե, դիտել եմ Էստոնիայի եւ Վրաստանի առաջին տուրի խաղը։ Պետք է նշել, որ մեր խմբում հանդես են գալիս հավասար հնարավորությամբ թիմեր, եւ այստեղ մարզական հաջողության գործոնն էլ կարող է դեր ունենալ եւ ամեն հաջող կամ անհաջող գործողություն կարող է վճռորոշ լինել արդյունքի համար։

Ակումբային եւ հավաքականի աշխատանքում հիմնական տարբերությունը ժամանակն է։ Հավաքականում շատ ժամանակ չունես ֆուտբոլիստների հետ աշխատելու համար։ Բայց ես շատ հպարտ եմ այս մեկ շաբաթվա աշխատանքով Հայաստանի հավաքականում, քանի որ տեսա ֆուտբոլիստների մեծ նվիրումով աշխատանքը եւ հավաքականի գույները պատվախնդրությամբ պաշտպանելու ձգտումը։

Կորոնավիրուսի համավարակը մեծ ազդեցություն է ունենում ֆուտբոլի վրա։ Առանց հանդիսականների խաղալը եւս ազդեցություն է թողնում։

Էստոնիան ու Հայաստանը խաղում են 4-4-2 դասավորությամբ։ Երկու թիմերն էլ կխաղան նվիրումով եւ կձգտեն ստեղծել գոլային պահեր։ Շատ կարեւոր է հուսալի խաղալ պաշտպանությունում եւ գոլային պահերն օգտագործել։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում արագ գոլից հետո մերը թիմը չկոտրվեց, շարունակեց պայքարը։ Օդի բարձր ջերմաստիճանը եւս բարդացնում էր ֆուտբոլիստների աշխատանքը։

Մրցակիցը ամեն կերպ խանգարում էր, բայց մենք ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր եւ պետք էր օգտագործել դրանք։

Շատ ուրախ եւ երջանիկ եմ, որ գլխավորեցի Հայաստանի հավաքականը։ Մենք պետք է հնարավորություն տանք նորեկներին եւ աստիճանաբար սերնդափոխություն կատարենք։

Մխիթարյանի հետ իմ զրույցից դատելով՝ կարող եմ ասել, որ ոչ մի տարաձայնություն չկա։ Հաջորդ հավաքին նա կմիանա թիմին։

Վահան Բիչախչյանը հաճելիորեն զարմացրեց ֆուտբոլային որակներով եւ պրոֆեսիոնալիզմով։ Նա շատ արագ կարող է կարեւոր դեր խաղալ հավաքականի համար։

Բալեկյանը կարեւոր ֆուտբոլիստ է հավաքականի համար, սակայն Արգենտինայում վաղուց թիմային մարզումներ չի անցկացրել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մեկնարկային կազմում նրան ընդգրկելու համար որոշելուն դեռ մեկ օր կա։

Բերեզովսկին ու Չախալյանը բացակայում էին Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղին պահեստայիններին նստարանին, քանի որ ՈւԵՖԱ-ն հիմա թույլատրում է վեց մարդու ներկայություն»,- նշեց Կապառոսը։

Հայաստան – Էստոնիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս