19:46  ,  5 սեպտեմբերի, 2020

Կապառոս․ Շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ազգերի լիգայի առաջին տուրում Հյուսիսային Մակեդոնիայի թիմին կրած 1։2 հաշվով պարտությունից հետո ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

«Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին եւ կցանկանայի շնորհավորել նրանց լավ խաղի եւ գործադրած ջանքերի համար։ Հեշտ չէ գոլ բաց թողնել չորրորդ րոպեին 11 մետրանոցից, բայց մեր թիմը չնահաջեց, չհուսահատվեց։ Նաեւ շատ շոգ էր։ Երկու գոլ բաց թողեցինք ստանդարտ դիրքից, բայց շարունակեցինք պայքարել։

11 մետրանոցների դրվագները չէի ցանկանա գնահատել, խուսափում եմ այդպիսի պրակտիկայից։ Խնդրեցի շարունակել պայքարել, գոհ եմ թիմի խաղից։ Ունեինք գոլային պահեր։ Եթե ավելի շուտ գոլ խփեինք, արդյունքն այլ կլիներ։

Մրցաշարը նոր է մեկնարկել, կարծում եմ՝ թիմը կարող է հաջող հանդես գալ։

Մեր խմբում հանդես եկող թիմերն ունեն հավասար հնարավորություններ։ Շատ կարեւոր է մարզական հաջողությունը, որն այս խաղում մեզ չժպտաց»,- նշել է Կապառոսը։

Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին Երեւանում կընդունի էստոնացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով