Երևանի «Փյունիկից» Վոլգոգրադի «Ռոտոր» տեղափոխված 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանն արդեն սկսել է մարզումները ռուսական ակումբում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր տեղափոխության, Ռուսաստանի Պրեմյեր լիգայում խաղալու ցանկության ու ռուս գործակալ Դմիտրի Սելյուկի հետ համագործակցության մասին: Արմեն Մանուչարյանը 2016 թվականից էր հանդես գալիս «Փյունիկում», որի կազմում անցկացրել է 119 խաղ և դարձել 7 գոլի հեղինակ:
Արմեն, ունեիր կարիերադ արտասահմանում շարունակելու մի քանի տարբերակներ, բայց ընտրեցիր «Ռոտորը»: Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը:
Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ թիմի մարզիչը դիտել և հավանել էր իմ խաղը, այդ պատճառով ընտրեցի հենց այս տարբերակը: Այս մրցաշրջանում «Ռոտորը» խաղում է Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, և դա մեծ քայլ առաջ էր իմ կարիերայում:
Մյուս առաջարկները ո՞ր երկրներից էին:
Առաջարկներ կային Ղազախստանից: Իմ ծառայություններով հետաքրքրված էր նաև Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող ևս մեկ ակումբ, բայց «Ռոտորի» տարբերակն ամենահստակն էր:
Դու համագործակցո՞ւմ ես ռուս գործակալ Դմիտրի Սելյուկի հետ:
Այո, Դմիտրի Սելյուկն իմ գործակալն է: Տեղափոխությունս տեղի ունեցավ շատ արագ՝ մոտ 2 օրում: Գործակալս զանգեց և ասաց, որ կա հետաքրքրություն, իսկ 2 օր անց հայտնեց, որ պետք է ժամանեմ Ռուսաստան և միանամ թիմին:
Վաղո՞ւց ես աշխատում Դմիտրի Սելյուկի հետ:
Ոչ, համագործակցությունը սկսել ենք մոտ 1.5 ամիս առաջ:
Վերջին տարիներին դու «Փյունիկի» առանցքային խաղացողներից էիր և երբեմն կատարում էիր թիմի ավագի պարտականությունները: Ակումբը հե՞շտ բաց թողեց քեզ:
Ակումբը հեշտ բաց թողեց ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Իմանալով, որ ունեմ առաջարկ արտասահմանից, նրանք ինձ ասացին, որ շատ կարևոր եմ թիմի համար, բայց թե՛ մարզիչը, թե՛ ակումբի անձնակազմը չխոչընդոտեցին իմ տեղափոխությանը: Եվ դա այն դեպքում, որ նրանք հասկանում էին, որ ստեղծված իրավիճակում ես շատ պետք էի թիմին, քանի որ կա խաղացողների պակաս:
Արդեն հասցրել ես մի քանի մարզում անցկացնել «Ռոտորում»: Մարզումային գործընթացը շա՞տ է տարբերվում հայաստանյան մարզումներից:
Ես դեռ 4 մարզման եմ մասնակցել, բայց, քանի որ խաղային օրացույցը շատ խիտ է, մարզումային գործընթացն ավելի շատ տակտիկական է: Մարզումային տարբերությունը մեծ է: Այստեղ ավելի շատ շեշտը դրվում է ֆիզիկական ու տակտիկական աշխատանքի վրա:
«Զենիթի» դեմ մեկնարկային տուրի խաղում դու փոխարինողների թվում էիր, բայց խաղաժամանակ չստացար: Արդեն լիովին պատրա՞ստ ես դաշտ դուրս գալ նոր թիմի կազմում:
Երևի, պատրաստ չէի մասնակցել այդ հանդիպմանը, քանի որ 1.5 օր առաջ էի միացել թիմին և իմ հայտավորվելը ստացվել էր ամենավերջին պահին: Մի քանի մարզում անցկացնելուց հետո գրեթե հարմարվել եմ թիմին և այս պահին պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ:
Դու ունիվերսալ խաղացող ես և կարող ես հանդես գալ տարբեր դիրքերում: «Ռոտորում» ո՞ր խաղային դիրքում են դիտարկում քեզ:
Մարզիչն ինձ հարցրել է, թե որ դիրքերում կարող եմ հանդես գալ: Հավանաբար, կխաղամ աջ պաշտպանի դիրքում:
Իսկ ո՞րն է քո ամենաօպտիմալ խաղային դիրքը:
Ես ինձ ամենալավը զգում եմ աջ պաշտպանի դիրքում: Նաև 3 կենտրոնական պաշտպանով խաղալու դեպքում կնշեմ կենտրոնականի դիրքը:
Ռուսաստանի առաջնությունում խաղալն ու հարմարվելն այնքան էլ հեշտ չէ: Նախկինում ունեցե՞լ ես ուժերդ հենց այդ լիգայում փորձելու ցանկություն:
Իհարկե, ունեի նման ցանկություն: Ռուսաստանի Պրեմյեր լիգան ուժեղ առաջնություն է, լավագույններից մեկն աշխարհում: Հայաստանի Բարձրագույն խմբի հետ համեմատ Ռուսաստանի առաջնությունը շատ ավելի բարձրակարգ է խաղացողների խաղամակարդակի, ֆիզիկական աշխատանքի ու արագության առումով: Այստեղ հանդես են գալիս ուժեղ խաղացողներ և հաջող ելույթներ ունենալու համար պետք է շատ աշխատեմ, որպեսզի կարողանամ արդարացնել սպասելիքները:
Վոլգոդրադում կա հայկական մեծ համայնք: Հասցրե՞լ ես ծանոթանալ տեղի հայության հետ: Քաղաքից առաջին տպավորություններն ինչպիսի՞ն են:
Դեռ չեմ հասցրել դուրս գալ, քանի որ իմ տեղափոխությունը շատ արագ ստացվեց: Այս օրերին զբաղված էի առաջնությանը հայտավորվելու հետ կապված գործերով: Գիտեմ, որ քաղաքն ապրում է ֆուտբոլով: Առաջին հնարավորության դեպքում կծանոթանամ հայկական համայնքի հետ: Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրպագուների մուտքը ստադիոններ դեռ արգելվում է: Գիտեմ, որ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի խաղերի ժամանակ 30-35 հազար երկրպագու էր ներկա լինում «Ռոտորի» հանդիպումներին:
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում