Վանաձորի «Լոռին» արդեն կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզիչի հարցում: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակից հետ զրույցում հայտնեց ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը: «Լոռին» կգլխավորի իսրայելցի մասնագետ, որն արդեն ժամանել է Հայաստան:
«Մենք արտասահմանից մարզիչ ենք հրավիրել: Նա արդեն ժամանել է Հայաստան: Որոշակի քննարկումներից հետո կհայտարարենք թիմի նոր գլխավոր մարզիչի անունը: Նա ժամանել է Իսրայելից»,- նշեց Թովմաս Գրիգորյանը:
Թովմաս Գրիգորյանի խոսքով, Արբահամ Խաշմանյանն ու թիմի մարզչական շտաբը հեռացել են ակումբից, քանի որ չեն կարողացել կատարել իրենց առջև դրված խնդիրը:
«Արդյունքը չկատարելու համար նրանք բոլորը հրաժարական են տվել՝ սկսած ակումբի տնօրենից»,- զրույցում հայտնեց Թովմաս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Լոռին» պայքարում էր մրցանակային տեղերի ու եվրագավաթների ուղեգրի համար, սակայն կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո անհաջող հանդես եկավ և գրավեց 5-րդ տեղը: Հունիսին Վանաձորի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Արմեն Սանամյանը, որը փոխարինել էր իսպանացի Դավիդ Կամպանյային:
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում