NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։
Հունգարիայի «Կիշվարդա» ակումբի գլխավոր թիմում օրերս նորամուտն է նշել 18-ամյա հայ եզրային պաշտպան Աբով Ավետիսյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել «Ֆերենցվարոշի» դեմ արտագնա խաղում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը պատմել է իր կարիերայի և Հունգարիայի Բարձրագույն խմբում նորամուտի մասին:
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ծնվել եմ 2001 թվականի հոկտեմբերի 3-ին Դոնեցկում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից, խաղացել եմ հարձակվողի դիրքում, սակայն ավելի ուշ տեղափոխվել եմ պաշտպանության աջ եզր, որտեղ հանդես եմ գալիս մինչ օրս:
Ես ուկրաինական ֆուտբոլային դպրոցի շրջանավարտ եմ: Կարիերաս սկսել եմ Դոնեցկի «Մետալուրգում», որից հետո տեղափոխվել եմ «Շախտյորի» ակադեմիա: Այո, Հենրիխ Մխիթարյանը նույնպես այդպիսի ճանապարհ է անցել Ուկրաինայի առաջնությունում (ծիծաղում է):
Հենրիխի հետ ծանոթացել եմ, երբ նա հանդես էր գալիս «Շախտյորում», իսկ ես՝ ակումբի ակադեմիայում: Մխիթարյանի հետ մտերիմ էր իմ զարմիկը՝ Արթուր Միրանյանը: Հաճախ էի Հենրիխին տեսնում Դոնեցկի հայկական եկեղեցում: Իհարկե, կցանկանայի շարժվել Մխիթարյանի հետքերով, սակայն յուրաքանչյուր խաղացող ունի իր ճանապարհը:
Դեռ Դոնեցկի «Մետալուրգում» ես ծանոթացել եմ «Լվովի» ներկայիս գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Շատ շնորհակալ եմ նրան խորհուրդների և աջակցության համար»:
ՏԵՂԱՓՈԽՈւԹՈւՆ ՀՈւՆԳԱՐԻԱ ԵՎ ՆՈՐԱՄՈւՏ ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԽՄԲՈւՄ
«2015 թվականին տեղափոխվել եմ Հունգարիա: 2016 թվականին համալրել եմ «Կիշվարդա» ակումբի Մ-17 տարեկանների թիմի կազմը: Հանդես եմ եկել նաև Մ-19 տարեկանների և երկրորդ թիմերում: Հունգարական ֆուտբոլը տարբերվում է ուկրաինականից: Այստեղ ես շատ բան սովորեցի, սկսեցի կայանալ որպես ֆուտբոլիստ, տիրապետեցի հունգարերենին:
Շատ ուրախ եմ, որ օրերս նորամուտս նշեցի Հունգարիայի Բարձրագույն խմբում: Փոխարինման դուրս եկա «Ֆերենցվարոշի» դեմ արտագնա խաղում: Հիմնական թիմի կազմում անվանի ակումբի դեմ խաղում նորամուտը նշելն անմոռանալի հույզեր է պարգևում: Շատ եմ ցանկանում ամրապնդել տեղս «Կիշվարդայի» հիմնական թիմում»:
ՀՐԱՎԵՐԻ ՍՊԱՍՈւՄՈՎ
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ հաստատել են ինձ հետ, սակայն հավաքականներից հրավեր դեռ չեմ ստացել: Ես միշտ ցանկացել եմ հրավեր ստանալ իմ հայրենիքի հավաքականներից»:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում