23:41  +04,  3 հունիսի, 2020

ՀՁՖ փոխնախագահ․ Ձյուդոյում մեր միակ օլիմպիական հույսը Ֆերդինանդ Կարապետյանն է

Մեր միակ օլիմպիական հույսը Ֆերդինանդ Կարապետյանն է: Հավաքականում այլ թեկնածու չունենք, որ այս ընթացքում փորձի Ֆերդինանդի հետ օլիմպիական ուղեգրի համար պայքարի: Հուսանք հաջորդ Օլիմպիական խաղերում մեկից ավելի օլիմպիականի թեկնածու կունենանք ձյուդոյում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը:

Օրերս Ձյուդոյի Եվրոպական միությունը (EJU) հրապարակեց Եվրոպայի առաջնության անցկացման ժամկետներն ու վայրը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգրի համար պայքարում է միայն 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը շատ մոտ է օլիմպիական ուղեգրին: Այդ մասին Եվրոպայի չեմպիոնն ասել էր NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում: Նախքան կորոնավիրուսի պանդեմիան եւ աշխարհում հայտարարված կարանտինը, Կարապետյանը փետրվարին Թել Ավիվում տեղի ունեղած Գրան պրի մրցաշարում (վարկանիշային) նվաճեց արծաթե մեդալ` վնասվածքի պատճառով բաց թողնելով 73 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտը: Այս վարկանիշային մրցաշարում Կարապետյանը վաստակեց 500 միավոր, բայց վնասվածքի պատճառով ստիպված եղավ բաց թողնել Փարիզի մրցաշարը: Դրանից հետո նախատեսված բոլոր վարկանիշային մրցաշարերը, որոնց պետք է մասնակցեր նաեւ Ֆերդինանդը, հետաձգվեցին անորոշ ժամանակով:

Պարոն Հովհաննիսյան, ձյուդոյի վարկանիշային մրցաշարերի անցկացման ժամկետների հետ կապված որեւէ հստակություն կա՞:

Նախնական ժամկետներն են հայտնի. Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 8-10-ը Պրահայում: Վարկանիշային մրցաշարերը կրկին ըստ նախնական տվյալների, կմեկնարկեն սեպտեմբերից:

Այս տարվա բոլոր երիտասարդական եւ պատանեկան մրցաշարերն ու առաջնությունները չեղարկված են: Կանցկացվեն միայն մեծահասակների մրցաշարերը, որոնք վարկանիշային են լինելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: Վերջնական ժամկետները մեզ կհայտնեն միայն հուլիս-օգոստոսին: Այս պահին միջազգային եւ Եվրոպական ֆեդերացիաների հետ մշտական կապի մեջ ենք: Մեր հավաքականից Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն է շատ մոտ օլիմպիական ուղեգրին: Դեռեւս հայտնի չէ, թե քանի միավորի դեպքում ձյուդոիստը կարող է վարկանիշ նվաճել: Բոլոր մրցաշարերը վարկանիշային են լինելու: Միայն Օլիմպիական խաղերից առաջ աղյուսակը կհրապարակվի, թե ով է նվաճել ուղեգիր: Ֆերդինանդը ոչ շատ բարձր է միավորներով, ոչ շատ ցածր:

Ֆերդինանդից բացի այլ թեկնածու չունե՞նք հավաքականում, որ օգտագործելով այս մեկ տարին փորձի պայքարել օլիմպիական ուղեգրի համար:

Ունենք շատ լավ մարզիկներ՝ թվով 8։ Նրանք շատ հեռանկարային են, բայց ժամանակը քիչ է, որպեսզի ուղեգրի համար պայքարի մեջ մտնեն: Ուշ է, ժամանակը քիչ, լավ ներուժ ունեցող մարզիկներն էլ փոքր են տարիքով: Վստահ եմ, որ հաջորդ Օլիմպիական խաղերում  մեկից ավելի թեկնածուներ կունենանք: Այս պահին մեր միակ հույսը Ֆերդինանդ Կարապետյանն է:

Իսկ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Արսեն Ղազարյա՞նը...

Արսեն Ղազարյանը, ում հետ կապված նույնպես սպասելիքներ ունեինք ձյուդոյում, այդպես էլ չկողմոնորշվեց՝ սամբո է ուզում, թե ձյուդո: Գնում սամբո էր կպնում, հետո գալիս՝ ձյուդո: Եկավ ձյուդոյում մրցանակակիր դարձավ, հետո գնաց սամբո, ասաց՝ ինձ փող է պետք: Չհասկացանք՝ ինչ է ուզում: Սա էլ է մեր խնդիրներից մեկը: Չի կարելի սամբոն եւ ձյուդոն համատեղել: Սամբիստը միայն սամբո պետք է անի, ձյուդոիստը՝ ձյուդո: Սրանք տարբեր մարզաձեւեր են: Մեզ մոտ գիտեն, դեռ Լենինը «սաղ» է. սովետական թվերին այս երկու մարզաձեւերը կպցրեցին իրար, ասացին նման են: Ռուսը տարանջատեց այս երկուսը, մենք դեռ հավատարիմ ենք մնում սովետական մոտեցմանը: Դրա վառ ապացույցն այն է, որ ձյուդոն մինչ օրս դպրոց էլ չունի: Կա սամբոյի եւ ձյուդոյի դպրոց: Այդպես էլ չհասկացա՝ դրա նպատակը որն է:

Այս պահին ունենք միայն Ֆերդինանդ Կարապետյան եւ շատ հեռանկարային ձյուդոիստներ, որոնք իրենց կդրսեւորեն արդեն հաջորդ օլիմպիական մրցաշրջանում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ