09:30  ,  26 մայիսի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ ֆուտբոլիստներն ԱՄՆ-ից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։

Ներկայացնում ենք ԱՄՆ-ում հանդես եկող 2 հայ ֆուտբոլիստի՝ FC LA-ի 15-ամյա փլեյմեյքեր Յուրա Հովհաննիսյանին և Far West United FC-ի 13-ամյա աջ կիսապաշտպան Ալեքսանդր Խաչատրյանին:

ՅՈւՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Յուրա Հովհաննիսյանը ծնվել է 2004 թվականի հուլիսի 16-ին Երևանում: Ֆուտբոլով զբաղվում է 8 տարեկանից, խաղում է փլեյմեյքերի դիրքում: Նրա ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել 2011 թվականին:

Յուրան խաղում է FC LA-ի ակադեմիայում, որը հանդիսանում է լավագույններից մեկը Կալիֆոռնիայում: Նա մասնակցել է ԱՄՆ-ի Մ-16 տարեկանների հավաքականի հավաքին:

Յուրաքանչյուր տարի Յուրան ամռանն այցելում է Երևան: Նրա ամբողջ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, եթե նա հրավեր ստանա Հայաստանի պատանեկան հավաքականից: Շատ շնորհակալություն Ձեր հետաքրքրության և կատարած աշխատանքի համար»,- մեզ հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի մտերիմներից մեկը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ծնվել եմ 2006 թվականի հունիսի 24-ին Երևանում: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 4 տարեկանից: Ընտանիքով ԱՄՆ ենք տեղափոխվել, երբ ես 11 տարեկան էի: Խաղում եմ աջ կիսապաշտպանի դիրքում:

Հայաստանում ես նախ խաղացել եմ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, այնուհետև ՝ «Արարատում» և «Ուրարտուում»: «Արարատի» կազմում ճանաչվել եմ 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

ԱՄՆ-ում ես երկու տարի է, ինչ խաղում եմ Far West United FC ակումբում, որի կազմում հաջողությունների եմ հասել Կալիֆոռնիայի առաջնությունում և մասնակցել եմ միջազգային մրցաշարերի: Կալիֆոռնիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում ես դարձել եմ 24 գոլային փոխանցման հեղինակ:

Դեռ հրավեր չեմ ստացել Հայաստանի պատանեկան հավաքականից, սակայն հուսով եմ, որ ապագայում կստանամ իմ հայրենիքի հավաքականները ներկայացնելու հնարավորություն»,- նշել է Ալեքսանդր Խաչատրյանը:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով