NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը։
Ամերիկյան Cincinnati United Soccer Club ակումբի պատանեկան թիմում հանդես է գալիս 15-ամյա հարձակվող Նարեկ Գասպարյանը:
«Նարեկը ծնվել է 2005 թվականի փետրվարի 17-ին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում: 7 տարեկանից զբաղվում է իր սիրելի սպորտաձևով՝ ֆուտբոլով: Խաղում է հարձակվողի դիրքում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Հրաչ Գասպարյանը:
«Իմ որդին հանդիսանում է ամերիկյան Cincinnati United Soccer Club ակումբի սան, բազմիցս գրավել է ՄԼՍ-ի ակումբների՝ Huston Dynamo-ի, Columbus Crew-ի, Minnesota United-ի պատանեկան թիմերի դարպասը:
Նարեկի ծառայություններով հետաքրքրված են ակումբներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից և Իտալիայից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակի կայունացումից հետո իմ որդին 10-օրյա փորձաշրջան կանցնի իտալական «Կալյարիում»:
Այժմ նա փորձում է պահպանել մարզավիճակը` օրական անցկացնելով 2-ական անհատական մարզում: Իրենց խորհուրդներով Նարեկին օգնում են մեր փորձառու ֆուտբոլիստները՝ Գևորգ Կասպարովը, Յուրա Մովսիսյանն ու Դավիթ Արշակյանը:
ԱՄՆ-ում հաջող մրցելույթների շնորհիվ Նարեկը 2 անգամ հրավիրվել է Հայաստանի Մ-15 տարեկանների պատանեկան հավաքական: Ցավոք, ապրիլին նախատեսված մրցաշարը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով: Մեր հայրենիքի հավաքականից հրավեր ստանալը մեծ պատիվ է մեր ընտանիքի համար»,- նշել է Հրաչ Գասպարյանը:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում