17:41  ,  6 մայիսի, 2020

«Լոռին» դեմ է Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխմանը

Վանաձորի «Լոռին» պաշտոնական հայտարարությամբ դեմ է արտահայտվել ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ձեւաչափի փոփոխությանը։ Ներկայացնում ենք «Լոռիի» հայտարարությունը։

«Ինչպես գիտեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ առաջնության վերսկսման և ձևաչափի փոփոխության հետ կապված երկու առաջարկ է ներկայացրել ակումբներին։

Մասնավորապես՝ առաջնության մասնակից թիմերը պետք է ընտրություն կատարեն շարունակել խաղալ հաստատված ձևաչափով, այն է՝ վեց ուժեղագույնների մասնակցությամբ, երկու շրջանով, կամ խաղալ 9 թիմերի մասնակցությամբ՝ մեկ շրջանով։

«Լոռի» ՖԱ-ն հստակ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ Մեր ակումբը կտրականապես դեմ է ձևաչափի որևէ փոփոխությանը, քանի որ լավագույն վեցնյակ մտած թիմերը մրցանակային տեղերի համար պայքարելու իրենց իրավունքը ձեռք են բերել անհաշտ մրցակցությունում և արդար պայքարում։ Հավատում ենք, որ հետագա պայքարն էլ լինելու է թեժ և առավել հետաքրքիր։ Ուստի կարծում ենք, որ անիմաստ է որևէ փոփոխություն մտցնել առաջնության ձևաչափում և հայտարարում ենք, որ քվեարկելու ենք ՀՖՖ-ի կողմից առաջարկված առաջին տարբերակին»։

Հայաստանի առաջնության 17 տուրից հետո «Լոռին» 29 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում