16:40  ,  22 ապրիլի, 2020

Անգլիական ֆուտբոլի վախճանը. Պրեմյեր լիգայի թիմերը մտադիր են խափանել «Նյուքասլի» վաճառքը

Պրեմյեր լիգան ներկայացնող թիմերը խիստ մտահոգված են «Նյուքասլ Յունայթեդի» վաճառքի վերաբերյալ լուրերից, տեղեկացնում է The Mirror-ը:

Անգլիական ակումբների ղեկավարները պատրաստվում են առաջիկայում ժողով հրավիրել և միասին դիմել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի կանխեն «Նյուքասլի» վաճառքը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին:

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամն արդեն ավարտել է «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գնման գործընթացը: Գործարքի մասին կողմերը դեռ հանդես չեն եկել հայտարարությամբ: Հայտնի է, որ անգլիական ակումբի դիմաց Մոհամադ բին Սալմանի հիմնադրամը վճարելու է 340 միլիոն բրիտանական ֆունտ:

Մոհամադ բին Սալմանը մտադիր է «Նյուքասլը» դարձնել եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբներից մեկը և պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել ակումբում՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

Արդեն տեղեկացրել ենք, որ «Նյուքասլը» սկսել է հետաքրքրվել կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անոտուան Գրիզմանի և Փարիզի ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով: Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում այս պահին դիտարկվում են «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունները:

Նշենք, որ Մոհամադ բին Սալմանի ընտանիքի կարողությունը մի քանի անգամ ավելի շատ է, քան Պրեմյեր լիգայի մյուս բոլոր թիմերի սեփականատերերինը միասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում