22:52  ,  21 ապրիլի, 2020

Լուկակու․ «Ինտերի» 25 խաղացողներից 23-ը հիվանդ էին, բայց թեստ չենք հանձնել

Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, որ դեկտեմբերի արձակուրդից հետո իտալական թիմի 25 խաղացողներից 23-ը հիվանդ է եղել։ Նա չի բացառել, որ դրանք եղել են կորոնավիրուսի ախտանշաններ։

«Դեկտեմբերին մեկ շաբաթ հանգստանալուց հետո մենք վերադարձանք մարզումների։ Այդ ժամանակ 25 խաղացողներից 23-ը հիվանդ էին։ Կատակ չեմ անում։ Հունվարին մենք խաղում էինք «Կալյարիի» դեմ եւ մեկնարկից 25 րոպե անց մեր պաշտպաններից մեկը փոխարինվեց։ Նա քիչ էր մնում կորցներ գիտակցությունը եւ չկարողացավ շարունակել խաղը։

Բոլորը հազում էին, մարզման ժամանակ տենդում էին։ Ես տարիներով գրիպ չեմ հիվանդացել։

Այն ժամանակ մենք ոչ մի թեստ չենք հանձնել եւ արդեն չենք իմանա, թե ինչ էր դա»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել է փետրվարի 21-ին։ Մրցաշրջանը դադարեցված է, վերսկսումը սպասվում է հունիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում