19:49  +04,  14 ապրիլի, 2020

Ֆերդինանդ Կարապետյան․ Մարզվեք եւ վայելեք սիրելիների, ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու այս հնարավորությունը

Սա երկրագնդի restart-ն է եւ շուտով ամեն ինչ կանցնի: Ամենակարեւորը, պետք չէ խուճապի մատնվել: Մարզվեք եւ վայելեք սիրելիների, ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացնելու այս հնարավորությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը: Նա Հայաստանի միակ ձյուդոիստն է, որը հավակնում է Տոկիո-2020-ի ուղեգրին: Մինչեւ կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը եւ արտակարգ դրությունը, ձյուդոիստին մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար Օլիմպիական խաղերի ուղեգրի համար համապատասխան միավորները լրացնելու համար:

Այժմ Ֆերդինանդը վերադարձել է Վլադիկավկազ եւ այնտեղ շարունակում մարզումները՝ սպասելով մրցաշարերի վերսկսելուն:

Ֆերդինանդ,  ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Ես այս օրերին Վլադիկավկազում եմ, որտեղ էլ ապրում եմ: Օրերս անցկացնում եմ ընտանիքիս հետ եւ մարզումներով: Ամեն առավոտ վազում եմ, ձգումներ, ֆիզիկական վարժություններ եմ անում: Երեկոյան մարզադահլիճում եմ մարզվում մարզիչիս հետ: Այստեղ կա մի մարզադահլիճ, որը մեր ընկերներինց մեկինն է: Մի քանի հոգով երեկոյան բացում ենք, մարզվում, փակում: Մյուս մարզադահլիճները փակ են:

Այստեղ այդքան էլ մեծ խուճապ չկա կորոնավիրուսով պայմանավորված: Մարդիկ դուրս են գալիս: Աստիճանաբար խանութները բացվում են: Մեծ առեւտրի կենտրոններն են դեռեւս փակ, բայց մեր քաղաքում ամեն ինչ ավելի հանգիստ է:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին:

Հենց սկզբից, երբ փակեցին մարզադահլիճները, մի պահ խնդրի առաջ կանգնեցի: Չգիտեի՝ ինչպես կազմակերպել մարզումներս, բայց շուտով գտանք ելքը: Մարզադահլիճ գտանք, որտեղ մի քանի ընկերներով մարզվում ենք: «Տանը մնա» հորդորին հետեւում եմ, բայց այնպես չէ, որ մարզումներս դադարեցված են. օրական երկու անգամ պարտադիր մարզվում եմ, որպեսզի մինչեւ կարանտինն արված աշխատանքս ջուրը չընկնի: Ամեն օր կապի մեջ եմ հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ: Նա նույնպես ինձ խորհուրդներ է տալիս, թե ինչպես ճիշտ պահպանեմ մարզավիճակս: Շուտով այս ամենը կանցնի, իսկ մենք պետք է նորից վերադառնանք մեր մարզումներին եւ Օլիմիական խաղերի նախապատրաստական փուլը սկսենք: Չենք կարող չմարզվել: Անթույլատրելի է:

Ինչպե՞ս կնկարագրես աշխարհում ստեղծված այս իրավիճակը:

Սա աշխարհի, երկրագնդի restart-ն է: Ինձ համար այս կորոնավիրուսը նույն գրիպն է: Ես չեմ ճանաչում մեկին, կամ չեմ լսել մեկի մասին, ով մահանա հենց կորոնավիրուսից: Մահացության դեպքերի հիմնական մասը ուղեկցող հիվանդություններից են: Աշխարհում գրիպից, տարբեր այլ հիվանդություններից հազարավոր մարդիկ են մահանում: Մի տեսակ թերահավատորեն եմ վերաբերվում այս ամենին: Սա չի նշանակում, որ չեմ հետեւում հիգիենիայի կանոններին. դիմակ, ձեռնոց կրում եմ:  Ուղղակի աշխարհում տիրող այս շոկային, խուճապային իրավիճակը չեմ հասկանում:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ այն մեծ աշխատանքի համար, որ արվել էր մինչեւ այս կորոնավիրուսը: Բոլորիս մտքերը եւ հայացքներն ուղղված էին Օլիմպիական խաղերին: Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճելու համար ինձ մնացել էր մեկ վարկանիշային մրցաշարում հանդես գալ: Դեռ հայտնի չէ, թե երբ կանցկացվեն մեր վարկանիշային մրցաշարերը, բայց պետք է ցանկացած պահի պատրաստ լինել, լավ մարզավիճակում լինել:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Ֆիլմեր եմ դիտում, Play Station եմ խաղում: Դա իմ սիրելի զբաղմունքն է ազատ ժամանակ:

Ի՞նչ ֆիլմ խորհուրդ կտաս դիտել այս օրերին տանը:

Ռեժիսոր Ֆելիքս Գերի Գրեյի «Օրինապահ քաղաքացին» (2009): Վերջերս եմ դիտել, ուժեղ կինո է:

#ՄնաՏանը...

Եկեք օգտվենք տանը մնալու հնարավորությունից եւ ժամանակ անցկացնենք մեր սիրելիների, ընտանիքի անդամներ հետ: Միեւնույն է՝ դեռ վերջնական հայտնի չէ՝ կորոնավիրուսը կա, թե ոչ, ամեն դեպքում, պետք է լինել զգոն, հետեւել հորդորներին, խորհուրդներին եւ ուղղակի վայելել այս շրջանը տանը մնալու: Եկեք այդ ամեն անենք առանց խուճապի. ամենակարեւորը խուճապի չմատնվելն է: Ամեն ինչ շուտով կկարգավորվի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ