18:08  +04,  8 ապրիլի, 2020

Հակոբ Մկրտչյան․ Չի կարելի անլուրջ վերաբերվել, պետք է մնալ տանը

Ամեն ինչի համար ափսոսում եմ՝ որ այժմ չեմ կարողանում մարզվել, որ հետաձգեց Եվրոպայի առաջնությունը, Տոկիո-2020-ը, բայց բոլորս հասկանում ենք. սա անհրաժեշտություն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Աշխարհի չեմպիոնը, 2019 թվականին փայլուն հաղթանակներ գրանցելուց հետո, նույն արդյունքները կրկնելու երազանքով եւ նպատակով էր սկսել օլիմպիական տարին: Պայքարում էր նաեւ օլիմպիական ուղեգրի համար:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը, նախքան կորոնավիրուսի պանդեմիան պատրաստվում էր Մոսկվայում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը, որը վերջինն էր լինելու օլիմպիական վարկանիշների համար: Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր ապրիլի 4-14-ը: Բայց այստեղ էլ կորոնավիրուսը ամեն ինչին խանգարեց՝ անժամանակ հետաձգելով Եվրոպայի առաջնությունը, մեկ տարով էլ՝ Տոկիո-2020-ը:

Հակոբ Մկրտչյանն, իր թիմակիցների նման տանն է, բավարարվում է տնային մարզումներով եւ վայելում 4 ամսական Սիլվայի հետ ժամանակ անցկացնելու հնարավորությունը:

Հակոբ, ինչպե՞ս ես անցկացնում օրերդ: Ինչպե՞ս ես կազմակերպում մարզումներդ:

Ամբողջ օրը տանն եմ: Տրամադրությունս շատ լավ է, քանի որ շատ ժամանակ եմ անցկացնում դստերս, ընտանիքի հետ: Մարզումներ չենք անում, առհասարակ. միայն տան պայմաններում զուտ ֆիզիկական վարժություններ: Ամենավատն այն է, որ չենք կարողանում մարզվել: Ստացվում է, որ արդեն մեկ ամիս կլինի, ինչ չենք մարզվում մարզադահլիճում:

Ի՞նչ դժվարությունների ես հանդիպում այս օրերին: Հետեւո՞ւմ ես #մնատանը հորդորին:

Իսկապես մենք հետեւում ենք այդ հորդորին, մնում ենք տանը: Դուրս ենք գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գյումրիում բոլորն են հետեւում այդ պահանջին: Դժվարությունների առանձնապես չեմ հանդիպում: Պարտադիր լրացնում ենք դուրս գալու թերթիկը, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա, մենք էլ խնդիրներ չստեղծենք: Գյումրիում հսկողությունը մեծ է, ոստիկանությունը շրջում է, հսկում է ամբողջ քաղաքը, ստուգում են դուրս եկած քաղաքացիներին: Ւնձ դեռեւս չեն կանգնեցրել:

Վախ ունե՞ս այս իրավիճակի հետ պայմանավորված:

Գիտեմ, որ այս ամենից, արտակարգ դրությունից հետո բոլորիս համար, բոլոր ոլորտներում էլ դժվար է լինելու: Դժվարությամբ ենք վերադառնալու մեր նախկին բնականոն կյանքին: Պետք է հանգիստ լինենք, խուճապի չմատնվենք: Կկարողանանք հաղթահարել սա եւս:

Այս վիրուսը միշտ էլ եղել է: Տարբերությունն այն է, որ այժմ մեծ տարածում է գտել աշխարհում: Մարդիկ լուրջ չեն վերաբերվում վիրուսին: Բայց այն կա, աշխարհում արդեն հազարավորներն են վարակվել, դժբախտ դեպքերն էլ քիչ չեն: Չի կարելի անլուրջ վերաբերվել: Պետք է մնալ տանը, հետեւել խորհուրդներին, հորդորներին: Միայն տանը մնալով, սահմանափակ շփում ունենալով կկարողանանք այս վիրուսի դեմն առնել:

Ինչպե՞ս ես գնահատում մեր երկրում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարը:

Լավ եմ գնահատում, քանի որ ամեն ինչ արվում է, պետք է միայն հետեւել բոլոր հորդորներին: Օրինակ՝ Գյումրիում չես տեսնի մեկին առանց ձեռնոցի, դիմակի: Բոլորը հետեւում են կառավարության, նախարարության, լրատվամիջոցների հորդորներին: Դուրս են գալիս ըստ անհրաժեշտության, ձեւաթղթով:

Ինչի՞ համար ես ափսոսում:

Ափսոսում եմ այն մեծ աշխատանքի համար, որ թիմով արեցինք մինչեւ այս պանդեմիան՝ մարզումներ, մրցաշարեր, հավաքներ: Ամեն ինչի համար ափսոսում եմ, որ այժմ չեմ կարողանում մարզվել: Ափսոսում եմ, որ հետաձգվեցին Օլիմպիական խաղերը: Իհարկե, բոլորս հասկանում ենք. սա անհրաժեշտություն էր: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ մարդկանց կյանքը, առողջությունն ամենակարեւորն է:

Ինչո՞վ ես լցնում ազատ ժամանակդ տանը:

Հիմականում ֆիլմ եմ դիտում կնոջս հետ: Օրվա մեծ մասը ազատ ենք լինում: Ես ինքս պատմական ֆիլմերի սիրահար եմ եւ հաճախ նայում եմ պատմական, անցյալը բացահայտող ֆիլմեր:

Ո՞ր ֆիլմը խորհուրդ կտաս դիտել այս օրերին տանը:

Ռեժիսոր Ռոն Հովարդի «Inferno» ֆիլմը (2016) : Շատ հետաքրքիր է, ամերիկյան արտադրության. դետեկտիվ, դրամա, պատմություն միախառնված են: Այստեղ հատված կա նաեւ Հայաստանի մասին:

#ՄնաՏանը...

Մնացեք տանը, մարդիկ: Որքան հնարավոր է մնացեք տանը, պահպանեք հեռավորությունը շփման ընթացքում, հետեւեք հիգիենային: Որքան շուտ այս ամենից ազատվենք, այնքան մեզ համար լավ կլինի:

Շնորհակալություն...

Շնորհակալություն բոլորի այն մարդկանց, ովքեր այս օրերին աշխատում են վիրուսի կանխարգելման դեմ՝ կյանքեր փրկող բուժաշխատողներին եւ մեզ հետեւող, հսկող եւ մեր անվտանգությունը պահպանող օրինապահ մարմիններին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով