16:43  ,  3 ապրիլի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է Ռակիտիչին ձեռք բերելու հնարավորությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին ձեռք բերելու հնարավորությունը:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած մարզչական շտաբը կարծում է, որ Ռակիտիչի ձեռքբերումը կլուծի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանության գծում առկա խնդիրները:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ կկարողանա 20 միլիոն եվրոյի դիմաց համաձայնության գալ 32-ամյա կիսապաշտպանի տեղափոխության հարցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռակիտիչի հետ անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Մադրիդի «Աթլետիկոն»: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Միլանի «Ինտերը», սակայն «Բարսելոնայի» այդ ժամանակ նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը չցանկացավ հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:

Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում