19:14  ,  20 մարտի, 2020

Խոակին Կապարոս. Համոզված եմ, որ շատ լուրջ նախագիծ ենք սկսում

Ֆուտբոլի Հայստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման, իր խաղային փիլիսոփայության, Հենրիխ Մխիթարյանի, Ազգերի լիգայից ունեցած իր սպասելիքների մասին, պատասխանել նաև մի շարք բլից հարցերի:

Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից:

Շատ դրական զգացողություններ ունեմ և ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում, այստեղ ինձ շատ լավ ընդունեցին: Խանդավառված եմ Հայաստանում աշխատելու կապակցությամբ և ցանկանում եմ իմ լուման ներդնել հայկական ֆուտբոլի հետագա զարգացման հարցում:

Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Հայաստանի հավաքականը գլխավորելու որոշման կայացման հարցում շատ կարևոր էր այն հանգամանքը, որ այստեղ աշխատում են Խինես Մելենդեսը և Անտոնիո Ֆլորեսը: Նրանք իմ ուսուցիչներն են եղել Իսպանիայում մարզչական դասընացների ընթացքում: Բայց ինձ առաջին հերթին հետաքրքրեցին ֆեդերացիայի նոր ղեկավարության ծրագրերը: Երբ առաջին անգամ հանդիպեցի և զրուցեցի նախագահի հետ, հասկացա, որ սա լուրջ նախագիծ է: Գիտեմ, թե ինչ մեծ ցանկությամբ են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գալիս հավաքական և ինչ հպարտությամբ են կրում ազգային թիմի մարզաշապիկը:

«Սևիլյայի» ղեկին ամենից շատ խաղ անցկացրած մարզիչն եք։ Ի՞նչ է դա նշանակում Ձեզ համար:

Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է այն փաստը, որ ես «Սևիլյային» ղեկին ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» լավագույն ակումբներից է ոչ միայն Իսպանիայում, այլև Եվրոպայում և ամբողջ աշխարհում, ինչի վկայությունն է այն, որ թիմը վերջին 15 տարիներին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել եվրոպական ակումբային մրցաշարերում և համարվում է Եվրոպա լիգայի արքան:

Որո՞նք են հավաքականի և ակումբի գլխավոր մարզչի աշխատանքի հիմնական տարբերությունները:

Չնայած մինչ այս աշխատել եմ միայն ակումբներում, բայց շատ լավ պատկերացնում եմ ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի առանձնահատկությունները: Ակումբում դու ամբողջ տարվա ընթացքում թիմի հետ ես, և աշխատանքն ավելի հեշտ է: Հավաքականում ժամանակն ավելի քիչ, է և շատ կարևոր է այդ ընթացքում քո ձեռքի տակ եղած ռեսուրսների ճիշտ բաշխումն ու կառավարումը: Ցանկացած մարզչի համար իդեալական կլիներ ունենալ շատ ուժեղ ֆուտբոլիստներ և ադապտացնել նրանց իր գաղափարներին, տակտիկական մտահղացումներին, սակայն մարզիչը շատ հաճախ ընտրում է իր մարտավարությունը՝ հաշվի առնելով ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների կարողությունները: Շատ կարևոր է նաև լավ մթնոլորտ ստեղծել և ճիշտ մոտեցում դրսևորել ֆուտբոլիստներին մոտիվացնելու համար: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ, լինելով ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ինքն ընտրյալ է և մեծ պատասխանատվություն է կրում:

Դիտել եք Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Ինպիսի՞ն է թիմի ընդհանուր խաղամակարդակը:

Հայաստանի ազգային հավաքականում կան ֆուտբոլիստներ Իտալիայի Ա սերիայից, գերմանական Բունդեսլիգայից, Ռուսաստանի Պրեմիեր լիգայից: Նրանց որակները, իհարկե, տարբերվում են մյուսներից, բայց մարզչի գլխավոր խնդիրը հենց տարբեր խաղամակարդակ ունեցող ֆուտբոլիստերից միասնական թիմ ստեղծելն է և իր գաղափարները հնարավորինս մատչելի կերպով տեղ հասցնելը:

Ի՞նչ կարծիքի եք Հենրիխ Մխիթարյանի մասին։

Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Ես շատ էի ցանկանում դիտել նրա խաղը «Սևիլյայի» դեմ խաղում, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը չկայացավ: Գիտեմ, որ Հենրիխ Մխիթարյանն իր ազգին և հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը շատ կարևոր է նաև խաղընկերների համար, որովհետև երբ Մխիթարյանը խաղադաշտում է, մյուս ֆուտբոլիստներն իրենց ավելի վստահ են զգում, բայց միաժամանակ նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում:

Ի՞նչ կարծիքի եք Ազգերի Լիգայում մեր խմբի մասին:

Հայտնվել ենք շատ մրցակցային խմբում, որում հնարավոր է զբաղեցնել առաջին տեղը, բայց շատ կարևոր է առաջ շարժվել քայլ առ քայլ, խաղից խաղ: Ինձ համար ամենակարևոր հանդիպումը միշտ իմ թիմին սպասվող հաջորդ հանդիպումն է:

Բլից հարցեր.

Սևիլյա 2000-2005, vs Բիլբաո 2007-2011

Երկուսն էլ, երկու ակումբներն էլ իմ սրտում են:

Անդալուսիա vs Բասկոնիա

Երկուսն էլ՝ զվարճանալու համար (ծիծաղում է):

Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես:

Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են:

Երիտասարդ տարիքում ո՞վ էր ավելի տաղանդավոր՝ Ռեյե՞սը, թե՞ Մունյաինը:

Իրոք, շատ դժվար հարցեր եք տալիս (ծիծաղում է):

Դել Բոսկե vs Արագոնես:

Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է:

Պաելյա՞, թե՞ գասպաչո:

-Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո:

Սանգրիա՞, թե՞ սպիտակ գինի:

Սպիտակ գինի… սպիտակ գինի՝ սառույցով:

Ալմադովա՞ր, թե՞ Բունյուել:

-Շատ տարբեր են, բայց, երևի, Ալմադովար:

Եվ վերջում՝ 1:0 vs 4:3:

Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով