Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլի» դեմ պատասխան խաղից հետո հայտարարել է, որ գոհ է իր ֆուտբոլիստների խաղից:
«4-5-1 մարտավարությունը մեզ հնարավորություն տվեց արագ հակագրոհներ ձեռնարկել և հանկարծակիի բերել մրցակցին: Մենք մարտավարական փոփոխության դիմեցինք, երբ Դիեգո Կոստայի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Մարկոս Լյորենտեն, և մեր գաղափարն աշխատեց:
Խաղացինք շատ դժվար մրցակցի հետ և արժանի հաղթանակ տարանք: Հաղթեցինք մեր պայքարող բնավորության շնորհիվ: Շատ ուրախ եմ մեր թիմի և երկրպագուների համար:
Յան Օբլակն այս պահին աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա «Աթլետիկոյի» համար ունի այն նշանակությունը, ինչ Մեսին «Բարսելոնայի» համար»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Էնֆիլդում» տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» պարտվեց «Աթլետիկոյին» 2:3 հաշվով: Ընդհանուր դիմակայությունում «Աթլետիկոն» հաղթանակ տարավ 4:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում