12:12  ,  13 փետրվարի, 2020

Գեւորգ Ղարիբյան․ Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշը Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր պահել

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին: Հպարտ եմ, որ կարողացա մեր դրոշն ամենավերեւում պահել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներից բարձր:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իտալիայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը:

Հռոմում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշայինների եզրափակիչում հայ ըմբիշը համառ պայքարում հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կերեմ Կամալին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը հաղթեց նաեւ բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին (9:1), Ադրբեջանի ներկայացուցիչ Մուրադ Բազարովին (8:0) եւ Էստոնիան ներկայացնող Հիրալի Մայգիսալուին (8:0):

Գեւորգ, շնորհավորում եմ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Սա քո առաջին մեդալն էր մեծահասակներում եւ միանգամից ոսկի: Ինչպե՞ ս ստացվեց:

Շնորհակալություն: Շատ լավ էի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի մարզիչների եւ իմ անձնական մարզիչների հետ միասին շատ լավ աշխատանք էինք կատարել, լավագույն մարզավիճակում էի մոտեցել մրցմանը: Արդյունքը եղավ ոսկե մեդալի տեսքով, ինչի համար ուրախ եմ:

Եվրոպայի չեմպիոնությունն ինձ հեշտ չտրվեց: Հպարտ եմ, որ կարողացա հաղթահարել այդ բարդությունները:

Հավատո՞ւմ էիր, որ կկարողանաս ոսկե մեդալը նվաճել:

Այս հաղթանակս երկար սպասված էր: Հավատում էի, որ կարողանալու եմ ոսկե մեդալ նվաճել: Եթե չհավատայի, չէի կարողանա հաղթել մրցակիցներիս: Շատ լավ տրամադրված էի եւ գորգի վրա բոլոր գոտեմարտերում ինձ հրաշալի էի զգում:

Եզրափակիչի ճանապարհին բարդ գոտեմարտեր ունեցար: Ո՞րը կառանձնացնես քեզ համար:

Ամենաբարդ գոտեմարտը հենց եզրափակիչում էր թուրք ըմբիշի հետ: Այդ հաղթանակն ինձ դժվարությամբ տրվեց, գոտեմարտը գերլարված էր: Կարողացա 4 միավորանոց հնարքով առավելություն ունենալ նրա նկատմամբ: Հոգեբանական առումով էլ շատ դժվար էր եզրափակիչում, քանի որ որոշիչ էր ինձ համար, պարտվելու իրավունք չունեի:

Ադրբեջանի ներկայացուցիչի հետ գոտեմարտդ նույնպես լարված անցավ: Նա ամեն գնով փորձում էր քեզ հունից հանել: Ի՞նչ մտքերով էիր պայքարում եւ ինչպե՞ս էիր քեզ զսպում նրա սադրանքներին չտրվելու:

Ադրբեջանցու հետ պայքարը նույնպես բարդ դասավորվեց: Նա վատ էր գոտեմարտում, ոչ սպորտային պահվածքով, պարբերաբար գլխով հարվածում էր: Ես հնարավորինս փորձում էի չտրվել նրա հրահրումներին եւ նպատակուղղված շարժվում էի առաջ: Հենց սկզբից էլ տրամադրված էի միայն հաղթանակի: Գոտեմարտի ընթացքում մտքերս միայն ամեն գնով նրան հաղթելն էր: Ճիշտ մարտավարությամբ նրան պարտության մատնեցի:

Սկզբունքային գոտեմարտ էր ինձ համար Բազարովի հետ պայքարը եւ միակ տարբերակս հաղթած գորգից իջնելն էր:

Իսկ հաթելուց հետո ի՞նչ զգացողություններ ունեիր: Եթե համեմատենք եզրափակիչի հետ…

Հպարտություն ապրեցի, որ կարողացա հաղթել ադրբեջանցուն: Պարտվելու իրավունք չունեի: Իսկ համեմատած եզրափակիչի հետ, միանշանակ թուրք ըմբիշի հետ գոտեմարտն ավելի բարդ էր ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով: Դա եզրափակիչն էր ու շատ կարեւոր. ոչ մի սխալ չէր ներվի:

Պարգեւատրման արարողության ժամանակ հետաքրքիր դասավորություն կար պատվո հարթակին՝ Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան: Զգացողություններդ ինչպիսի՞ն էին հիմնը հնչելիս, դրոշ բարձրանալիս:

Շատ մեծ հպարտություն ապրեցի, երբ բարձրացավ Հայաստանի եռագույնը, որ կարողացա ամենավերեւում պահել մեր դրոշը, իսկ նրանից ցածր՝ Թուրքիայինն ու Ադրբեջանինը:   

Սա քո առաջին հաղթանակն էր մեծահասակներում, բայց ոչ առաջին փորձը: Ի՞նչը չէր  բավարարում մինչ այս հաղթանակներ ունենալու համար:

Երկար ժամանակ փորձերս անհաջող են եղել: Վնասվածքներ ունեի, չէի կարողանում գոտեմարտերս կառուցել: Հոգեբանական խնդիրներ ունեի: Երկու լուրջ վիրահատություն էի տարել նախորդ 4 տարիների ընթացքում:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ:  

Հաղթանակս նվիրում եմ մեր զինվորներին եւ ամբողջ հայ ազգին: Կփորձեմ շարունակել հաղթանակներս: Կպայքարեմ օլիմպիական ուղեգրի համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով