22:03  ,  31 հունվարի, 2020

Վիգեն Խաչատրյանն՝ Իրանից․ Ծանրորդները լավ մարզավիճակում են մոտեցել վարկանիշային մրցաշարին

Ծանրորդները լավ մարզավիճակում են մոտեցել օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Իրանից ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Հայաստանի հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ փետրվարի 1-5-ը կմասնակցի Իրանի Ռաշտ քաղաքում անցկացվելիք International Fajr Cup 5-րդ միջազգային մրցաշարին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի համար:

«4 ծանրորդով ենք մեկնել մրցաշար: Մասնակցելու են աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը՝ +109 կգ քաշային կարգում, աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը՝ 96 կգ, աշխարհի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը՝ +109 կգ եւ 81 կգ քաշում Անդրանիկ Կարապետյանը (2016 թ. Եվրոպայի չեմպիոն):

Արդեն մրցավայրում ենք: Տղաները լավ մարզավիճակում են: Այս տարի բոլոր պլանավորած հավաքներն արել ենք: Շատ զգույշ եւ հանգիստ պետք է մասնակցենք, որպեսզի խուսափենք վնասվածներից: Սիմոնը մասնակցում է գերծանր քաշային կարգում, որպեսզի քաշ չգցի, ապահովի իր մասնակցությունը վարկանիշային միավորների համար: Անդրանիկ Կարապետյանն իրեն լավ է զգում, բայց մի փոքր ցավեր ունի»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:

Ծանրորդներից այս պահին օլիմպիական վարկանիշ ունի միայն Ռիո-2016-ի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը: Հայաստանի հավաքականը դեռեւս միայն երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով