09:09  ,  23 հունվարի, 2020

Բերեզովսկին՝ հավաքականում իր ապագայի, Դավիդ Յուրչենկոյի եւ հավաքականի դարպասապահների մասին (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ, լեգենդար դարպասապահ, Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է ազգային թիմում իր ապագայի մասին, գովել է հավաքականի դարպասապահներին, նաեւ կարծիք հայտնել Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխված դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասին։

Ռուսաստանի առաջնությունում հանդես գալու տարիներին 33-ամյա Յուրչենկոն այդպես էլ չմիացավ Հայաստանի հավաքականին։

Հարցը բաց է մնում

«Հիմա ես «Փյունիկի» գլխավոր մարզիչն եմ։ Չգիտեմ՝ կշարունակեմ աշխատանքը հավաքականում, թե ոչ։ Այդ հարցը դեռ բաց է մնում»։

Հավաքականի թեկնածու Դավիդ Յուրչեկոյի մասին

«Յուրչենկոն տեւական ժամանակ չի խաղացել։ Դժվար է ասել, թե ինչպես է դա ազդել նրա մարզավիճակի վրա։ Դրա համար պետք է հետեւել նրա առաջիկա մրցելույթներին։

Նաեւ կարեւոր գործոն է նրա ցանկությունը։ Եթե նա չի ձգտում խաղալ հավաքականում, հնարավոր է՝ իմաստ էլ չկա նրան հրավիրել»։

Հավաքականի դարպասապահների մասին

«Հիմա հավաքականում արժանի մրցակցություն կա Արամ Հայրապետյանի եւ Արսեն Բեգլարյանի միջեւ։

Կցանկանայի առանձնացնել նաեւ «Փյունիկի» եւ երիտասարդական հավաքականի դարպասապահ Սեւակ Ասլանյանին։ Նրա մեջ տեսնում եմ արժանի մրցակից ազգային թիմի դարպասապահներին։

Նա նպատակասլաց աշխատում է մարզումներին, իսկ դա չի կարող արդյունք չտալ։ Սեւակն ունի նաեւ լավ մարդաբանական տվյալներ։ Ես նրա հետ մեծ հույսեր եմ կապում»։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով