09:11  ,  8 հունվարի, 2020

Իգոր Կոլիվանով․ Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի երջանկացնենք «Արարատի» երկրպագուներին

«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը խոսել է իր և թիմի առջև դրված նպատակների ու ակումբի հետ ունեցած հիշողությունների մասին, նաև դիմել է երկրպագուներին։ Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույց ռուսաստանցի մասնագետի հետ։

Պարոն Կոլիվանով, ինչպե՞ս ստացվեց առաջարկը և ինչպե՞ս ընդունեցիք այն:

Խնդիրն այն է, որ Վալերի Հովհաննիսյանին ճանաչում եմ վաղուց, երբ դեռ «Ուրալում»էր աշխատում: Մենք կես տարի առաջ էլ այս հարցի շուրջ խոսում էինք: Հետաքրքիր առաջարկ արեց: Նա պրոֆեսիոնալ է, գիտի՝ ինչ է ցանկանում: Մեր առջև այնքան էլ հեշտ խնդիր դրված չէ, պետք է փորձենք առաջին տեղը զբաղեցնել, դրա համար ամեն ինչ կանենք: Հասկանալի է, որ հեշտ չի լինելու, սակայն բոլոր նախադրյալները կան դրա համար, այդ պատճառով կհամագործակցենք, բոլոր մանրամասները քննարկել ենք:

Հետևե՞լ եք թիմի խաղին մրցաշրջանի առաջին հատվածում:

Գիտեմ, որ շատ լավ է հանդես եկել թիմը, երկրորդ տեղում ընթացող թիմերի հետ հավասար միավորներ ունի: Ամեն դեպքում երկրորդ հատվածն ավելի հետաքրքիր է լինելու, այնտեղ առաջին 6 թիմերը միմյանց հետ են խաղալու:

Հստակ ծրագիր ունե՞ք, թե ինչպես պետք է հասնեք հաջողության:

Շուտով սկսվելու են հավաքները, կամաց-կամաց ճանաչելու եմ տղաներին: Նրանցից շատերին ես գիտեմ, աշխատել եմ նրանց հետ: Երկրորդ հավաքի ընթացքում արդեն հիմնական կազմը կհավաքվի: Գաղտնիք չէ, որ անհրաժեշտ է հզորացնել կազմը: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի երջանկացնենք մեր երկրպագուներին, որոնք գալու են մարզադաշտ: Գլխավորն այն է, որ կատարենք իմ և մարզչական շտաբի առջև դրված խնդիրը:

Դուք ծանոթ եք «Արարատին», ի՞նչ հիշողություններ ունեք ակումբի հետ կապված:

Ես դեռ ԽՍՀՄ-ում խաղացել եմ «Արարատի» դեմ: «Արարատը» շատ հզոր թիմ էր, բարձր տեղերի համար էր պայքարում, ագրեսիվ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլ էր խաղում, հատկապես դժվար էր խաղալը Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում: Մի քանի անգամ գրավել եմ «Արարատի» դարպասը, դա իմ աշխատանքն էր (ծիծաղում է): Կարծում եմ, ովքեր հետևել են այդ տարիներին «Արարատի» խաղերին, հիշում են, որ մի անգամ բավականին գեղեցիկ գոլ խփեցի տուգանային հարվածից: Եթե հիշողությունս չի դավաճանում, դա մրցաշրջանի լավագույն գոլ ճանաչվեց:

Ի՞նչ կասեք «Արարատի» երկրպագուներին:

Ամենից առաջ կցանկանամ, որպեսզի շարունակեն երկրպագել թիմին: Մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի ուրախացնենք նրանց՝ լավ խաղով ու հաղթանակներով: Ամեն դեպքում, «Արարատի» երկրպագուները ցանկանում են տեսնել լավ խաղացող թիմ: Նրանք, ովքեր գալիս են մարզադաշտ, ցանկանում են տեսնել թիմ, որը գեղեցիկ ֆուտբոլ է խաղում: Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի երջանկացնենք նրանց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում