13:44  ,  30 դեկտեմբերի, 2019

Հակոբ Սերոբյան․ Արդեն հասունացել է օլիմպիական մեդալ նվաճելու պահը

Արդեն հասունացել է օլիմպիական մեդալ նվաճելու պահը: Բոլոր կարեւոր ու խոշոր մրցաշարերից մեդալ ունենք, բացի օլիմպիականից: Դա էլ որ լինի, հանգիստ խղճով կգնամ «թոշակի»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Սպորտային մարմնամարզիկների համար նախաօլիմպիական տարին հաղթանակներով ու մեդալներով լի էր: Հայ մարմնամարզիկները փայլուն հանդես եկան Եվրոպական երկրորդ խաղերում, մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում եւ Ունիվերսիադայում: Շատ լավ հանդես եկան նաեւ աշխարհի առաջնությունում, բայց մեդալ չնվաճեցին:

Տարվա ամենամեծ հաջողությունը Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանի անվանական օլիմպիական ուղեգիրն էր: Նշենք, որ Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը միայն մեկ մասնակից կունենա Տոկիո-2020-ում: Ի դեպ, սա Արթուր Դավթյանի երրորդ մասնակցությունն է լինելու Օլիմպիական խաղերում: Ինչպես նշում է գլխավոր մարզիչը, երրորդը պետք է «մեդալով լինի»:

Պարոն Սերոբյան, ամփոփեք անցնող տարին:

Մեր հավաքականի համար շատ լավ տարի էր: Մեր պատմության մեջ նախորդ անգամ նման հաջողություններով տարի 2016-ն էր եղել: Այս տարի ունեցանք Եվրոպական խաղերի չեմպիոն, ինչն ամենաբարձր արդյունքն էր տարվա ընթացքում, Եվրոպայի բրոնզե մեդալ, Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալ եւ, ամենակարեւորը, օլիմպիական ուղեգիր: Ափսոսում եմ միայն, որ կարող էինք ունենալ ոչ թե մեկ, այլ երկու ուղեգիր: Արթուր Թովմասյանը լիարժեք արժանի էր օլիմպիական վարկանիշ նվաճելուն, բայց չստացվեց: Ունենք տղաներ, որ անկեղծ արժանի էին: Մի անգամ առիթ եղավ, իմացան, որ Տոկիոյում հայ մարմնամարզիկներից օղակ անողներ չկան, ուրախացան: Աշխարհի առաջնությունում Արթուր Թովմասյանը բաց թողեց իր իրական հնարավորությունը:

Տղաներից ո՞վ ուրախացրեց Ձեզ:

Այս տարի ինձ շատ ուրախացրեց Արթուր Ավետիսյանը: Մեծ հույս ունեմ, որ հաջորդ օլիմպիական մրցաշրջանում Արթուրը լիարժեք կարդարացնի իրեն, կմասնակցի հաջորդ Օլիմպիական խաղերին եւ ոչ միայն: Եթե 10 տարի առաջ մեզ համար միայն մասնակցությունը մեծ բան էր, այսօր արդեն բավարար չէ, քանի որ ժամանակն է մեդալ նվաճել:

Իսկ ո՞վ հիասթափեցրեց:

Հիասթափեցնել սխալ կլինի ասել, բայց այս տարի իր հնարավորությունները չօգտագործեց Արթուր Թովմասյանը: Օրինակ՝ աշխարհի առաջնությունում կարող էր չեմպիոն դառնալ: Աշխարհի առաջնությունում նրա առաջ խնդիր էի դրել՝ մտնել եզրափակիչ: Նա առաջին առաջադրանքը կատարեց: Որ չմտներ, ես, անկեղծ, կհիասթափվեի: Հետո արդեն նրա խնդիրն էր մեդալ նվաճելը: Ինքը տուժեց. ափսոս էր:

Արթուր Ավետիսյանն այս տարի փայլեց: Ընդգրկվեց նաեւ տարվա լավագույն 10 մարզիկների մեջ:

Սպորտային մարմնամարզությունում Ավետիսյանն իսկական բացահայտում էր: Ես չէի սպասում, որ Ունիվերսիադայում չեմպիոն կդառնա: Մեդալ սպասում էի, բայց չէի սպասում ոսկե մեդալ:

Արթուր Ավետիսյանը շատ լավ տղա է: Աշխարհի գավաթում չնչին միավորներով զիջեց օլիմպիական չեմպիոնին: Ցատկի ժամանակ փոքր քայլ արեց: Մրցահարթակից իջավ, նրա վրա բարկացա: Բոլորը զարմացան: Աչքերը լցված գլուխը կախեց: Մեզ շրջապատող մարդիկ զարմացել էին, թե ինչպես նա ընդունեց իմ բարկանալը: Նրա գլուխը կախելն իր մեծությունն էր: Նա շարժվում է առաջ: Եթե այսպես մնա ու, ամենակարեւորը, չմեծամտանա, մեծ հաջողությունների կհասնի:

Պարոն Սերոբյան, չմեծամտանալը մշտապես ընդգծում եք: Ինչո՞ւ:

Մարզիկի չմեծամտանալն ամենամեծ ձեռքբերումն է: Ինձ համար դա ավելի մեծ հաղթանակ է, քան օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Եթե կողքից ասում են, որ իմ տղաները չեն մեծամտացել, ես համարում եմ դա իմ նվաճումը:  

Առջեւում օլիմպիական տարին է: Ո՞րն է լինելու Ձեր գերխնդիրը 2020-ում:

Գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերն է, Արթուր Դավթյանի հետ կենտրոնացված աշխատանքը: Սա Արթուրի երրորդ փորձն է Օլիմպիական խաղերում: Այս անգամ նա պետք է չմասնակցի միայն օլիմպիականի կարգավիճակում: Պետք է պայքարի մեդալի համար: Սա մեր գերխնդիրն է 2020-ում, որպեսզի բոլորս գոհ լինենք մեր աշխատանքից:

Իմ կարծիքով՝ արդեն հասունացել է օլիմպիական մեդալ նվաճելու պահը: Բոլոր կարեւոր ու խոշոր մրցաշարերից մեդալ ունենք, բացակայում է միայն օլիմպիական մեդալը: Դա էլ որ լինի, հանգիստ խղճով կգնամ թոշակի (ծիծաղում է):

Ի՞նչ մարզումային փուլերով եք պատրաստվելու Տոկիո-2020-ին:

Ամեն ինչ կախված է Արթուր Դավթյանից: Նա մեջքի հատվածում ցավեր ունի, որը գլուխ է բարձրացրել վերջին երկու մրցաշարերում: Պատճառը ծանրաբեռնվածությունն է: Այս տարի նա գերլարված աշխատեց, արդյունքնում ունի իրեն խանգարող ցավեր: Պետք է փորձենք այս խնդիրը լուծել եւ, արդեն ըստ այդմ, դասավորենք մեր ծրագիրը: Պետք է անենք ամեն ինչ, որ Տոկիոյում շատ լավ հանդես գա:

Վերջնական որոշվա՞ծ է՝ որ գործիքների վրա է հանդես գալու:

Կանի իր հիմնական գործիքը՝ հենացատկ եւ նժույգ: Հենացատկում եթե նա անի այն, ինչ Եվրոպական խաղերում, օլիմպիական չեմպիոն կդառնա: Մեզ պետք է աշխատել, որ նա նույնքան փայլուն կատարի ցատկը:  

Գո՞հ եք 2019-ի Ձեր ու Ձեր թիմի աշխատանքից:

Անպայման. ունենք առաջընթաց, ունենք լավ տղաներ, ուժեղ եւ մրցունակ թիմ:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով