09:09  ,  22 դեկտեմբերի, 2019

Արմեն Հովհաննիսյանը՝ Սլովակիայում իր գոլերի եւ ազգային հավաքականից հրավեր ստանալու ցանկության մասին (ֆոտո)

Սլովակիայի «Զեմպլինի» նախորդ երկու հանդիպումներում գոլերով աչքի է ընկել Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը։

19-ամյա ֆուտբոլիստը  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է «Զեմպլինի» կազմում իր մրցելույթների մասին, համեմատել է Սլովակիայի Սուպերլիգան ու Հայաստանի Բարձրագույն խումբը, նաեւ հայտնել Հայաստանի ազգային հավաքականում խաղալու մեծ ցանկության մասին։

Երիտասարդական առաջնությունից մինչեւ Սուպերլիգա

Երբ դարձա 18 տարեկան, իմ գործակալները Legal Sports-ից առաջարկեցին «Զեմպլինի» տարբերակը։ Ես հաճույքով համաձայնեցի։ Սկսեցի խաղալ Սլովակիայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունում, որը հետաքրքիր եւ դինամիկ մրցաշար է։

Հաջող մրցաշրջան անցկացրի մինչեւ 19 տարեկանների առաջնությունում, դարձա երկրորդ ռմբարկուն՝ 22 խաղում խփելով 16 գոլ։ Դրանից հետո հրավեր ստացա ակումբի առաջին թիմից։ Որոշակի ժամանակ պահանջվեց մինչեւ հարմարվեցի, քանի որ խաղամակարդակի եւ արագության զգալի տարբերություն կար։

Բարեբախտաբար, սկսեցի խաղաժամանակ ստանալ։ Աչքի ընկա գավաթային խաղում, իսկ նախորդ երկու հանդիպումներում՝ Սուպերլիգայում, ինչին շատ ուրախ եմ։ Երկրպագուները մշտապես աջակցում են ինձ։ Դա տալիս է լրացուցիչ մոտիվացիա։

Հայաստանի եւ Սլովակիայի առաջնությունների համեմատության մասին

Հիմա «Զեմպլինը» հրաշալի խաղացողներ ունի։ Նախորդ երեք խաղերում հաղթանակներ ենք տարել, խփել ենք 9 գոլ, ոչ մի գոլ բաց չենք թողել։ Միացել ենք չեմպիոնության համար պայքարող թիմերին։

Ոչ մի հանդիպում չեմ անցկացրել Հայաստանի Բարձրագույն խմբում տարիքիս հետ կապված, սակայն կարծում եմ՝ Սլովակիայի առաջնությունն ավելի դինամիկ է, թիմերը ֆիզիկապես ավելի լավ են պատրաստված, բոլոր հանդիպումներում հաղթանակի համար պետք է պայքարել մինչեւ վերջ։ Կարծում եմ՝ խաղամակարդակի տարբերությունը զգալի է։

Հանդիպո՞ւմ են երիտասարդական հավաքականի երկու խաղացողներն արտերկրում

Հանդիպո՞ւմ եմ Վահան Բիչախչյանի հետ Սլովակիայում։ Ավելի հաճախ՝ երիտասարդական հավաքականում։ Պատճառն այն է, որ Ժիլինան հեռու է իմ քաղաքից։ Իսկ մեր երկու թիմերի հանդիպումներում դեռ չենք հանդիպել։ Հույս ունեմ՝ շուտով դա տեղի կունենա։

«Երիտասարդական հավաքականից՝ ազգային» առաքելություն

Չեմ կարող ասել՝ երբ դա տեղի կունենա։ Ամեն ֆուտբոլիստի երազանքն էլ ազգային հավաքականում հանդես գալն է։ Ես բացառություն չեմ։ Վստահ եմ, որ երբ պատրաստ լինեմ, կստանամ հրավեր։ Միշտ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում օգնել իմ երկրի հավաքականին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով