13:08  ,  16 դեկտեմբերի, 2019

Լեւ Սարգսյան․ Մտավախություն ունեմ, որ ինձ ուղղակի ուզում են զրկել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից

Մտավախություն ունեմ, որ ինձ ուղղակի ուզում են զրկել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի առաջատար ջրացատկորդ Լեւ Սարգսյանը:

2018 թվականին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Վլադիմիր Հարությունյան-Լեւ Սարգսյան զույգը ջրացատկում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ: Այդ տարի զույգն ընդգրկվեց նաեւ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում: Մրցաշրջան-2019-ում զույգի համար լավագույնը եղավ Եվրոպայի առաջնության 4-րդ տեղը, աշխարհի առաջնությունում էլ 9-րդ տեղով բավարարվեցին:

Զույգն այլեւս միասին հանդես չի գալու. Հայաստանի առաջատար ջրացատկորդի եւ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի «ջրերը մեկ առվով չեն հոսում»:

Լեւ, անցնող մրցաշրջանը հաջող չդասավորվեց քեզ համար: Ի՞նչն էր պատճառը:

Այս մրցաշրջանում անցկացրի Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, Գրան պրի Մադրիդ, Ուկրաինայի գավաթ, Համաշխարհային ուսանողական խաղեր եւ Հայաստանի առաջնություն:  Մրցաշրջանի մեկնարկում վնասվածք ստացա եւ հետագա բոլոր մեկնարկներում մասնակցեցի վնասվածքով: Եվրոպայի առաջնությունից հետո շուրջ 3 ամիս բուժում ստացա եւ, արդեն գրեթե մեկ ամիս է, վերադարձել եմ մարզումներիս: Այս մրցաշրջանում որոշակի միջադեպեր ու ինձ համար տհաճ իրադարձություններ տեղի ունեցան, որոնց մասին ցանկանում եմ խոսել եւ բարձրաձայնել:

Դեկտեմբերի 1-15-ը ջրացատկի Հայաստանի թիմը՝ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ Մոսկվայի «Озеро Круглое» մարզաբազայում համատեղ հավաք է անցկացրել Ռուսաստանի հավաքականի հետ: Ի զարմանս ինձ՝ ես հավաքին չեմ հրավիրվել: 

Ինչպե՞ս ես տեղեկացել հավաքի մասին:

Հավաք ունենալու մասին տեղեկացել եմ մեկնարկից շուրջ երկու շաբաթ առաջ թիմի անդամներից: Մարզիչի հետ հավաքի մասին խոսել եմ դեկտեմբերի 11-ին, այսինքն՝ 10 օր անց: Ես նրան ասացի, որ գիտեմ հավաքի մասին: Հետաքրքրվեցի, թե ինչու եմ բացակայում, նա ոչ մի մեկնաբանություն չտվեց: Միակ բանը, որ նա ինձ ասաց՝ դա իր որոշումն  է: Իրականում՝ բոլոր կարեւոր ու լուրջ հարցերի վերաբերյալ մեկնաբանությունները ստանում ենք այդօրինակ պատասխանով, որ դրանք իր որոշումներն են:

Իսկ քո կարծիքով ինչո՞ւ ընդգրկված չես եղել հավաքին:

Այս հարցի շուրջ մի քանի մեկնաբանություն ունեմ: Նախ՝ բավական երկար ժամանակ տպավորություն ունեմ, որ իմ ներկայությունը, առհասարակ, թիմի կազմում այդ մարդու համար անձնական հակակրանք է: Կա մեկ պատճառ եւս. այս մրցաշրջանի մեկնարկից Հրաչյա Չանդիրյանը ցանկանում էր մեր զույգում փոփոխություն կատարել, ինձ փոխարինել մեկ ուրիշով: Այսինքն՝ արդեն հանել է ինձ զուգացատկից եւ իմ փոխարեն դրել Վարդան Բայանդուրյանին:

Սկսենք սկզբից. նշեցիր, որ 3 ամիս վնասվածք ես բուժել: Ե՞րբ եւ ի՞ նչ վնասվածք ես ստացել:

Վնասվածքս ստացել եմ Հայաստանի առաջնությունից առաջ: Կիեւի մրցաշարից վերադարձանք, սկսեցինք նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը եւ մարզումների ընթացքում մեջքի վնասվածք ստացա՝ ողնաշարի մի քանի ճողվածք: Ես տեղեկացրի Հրաչյա Չանդիրյանին, որ վնասվածք ունեմ: Նա պարտադրեց, որ անպայման պետք է մասնակցեմ առաջնությանը, այլապես միջազգային մրցաշարերին եւ տարվա կարեւոր մեկնարկներին չեմ մասնակցի: Առաջնությունից հետո ես մասնակի բուժում ստացա, բայց չհասցրեցի լիարժեք ապաքինվել: Այնպես դասավորվեց, որ ամբողջ մրցաշրջանում ես ցատկեցի մեջքի վնասվածքով: Այդպես մասնակցեցի Գրան Պրի մրցաշարի Մադրիդում, Ունիվերսիադա-2019-ին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսի 15-ից հետո մեր մրցաշրջանն ավարտվեց, ես վերադարձա տուն՝ Ստավրոպոլ եւ սկսեցի ամբողջական երկարատեւ բուժում անցնել: Այսինքն՝ ես թիմից բացակայում եմ օգոստոսից:

Ասացիր, որ քեզ արդեն փոխարինում է Վարդան Բայանդուրյանը: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ որոշվեց փոփոխություն անել զույգում:

 Այդ ամենը շատ հետաքրքիր ձեւով տեղի ունեցավ: Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնությունից հետո վերադարձանք եւ ինձ հասան խոսակցություններ՝ զույգի փոփոխության եւ ինձ զույգից հանելու մասին: Խոսակցությունները ինձ միայն հասնում էին, իմ մեջքի հետեւում էին տեղի ունենում, բայց ինձ անձամբ որեւէ մեկը ոչինչ ուղիղ չէր ասում:

Մենք մեկնեցինք Եվրոպայի առաջնության, որն անցկացվում էր Կիեւում: Մրցման մեկնարկից մի քանի օր առաջ, մրցավայրում, երբ դեռ չէինք էլ սկսել մարզվել, ինձ ասացին, որ իմ փոխարեն զուգացատկում հանդես է գալու Վարդանը: Հրաչիկ Չանդիրյանի հետ խոսեցի՝ ճշտելու համար, թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը: Նա ինձ ասաց, որ ես չեմ ցատկելու, ինձ հանում է զույգից եւ դա իր որոշումն է: Բնականաբար, ես շատ վատ ընդունեցի այս որոշումը: Հարցն ավելի լայն մասշտաբով բարձրացրի: Հենց այնտեղ տեղի ունեցավ թիմի ժողով: Տղաները հայտնեցին իրենց կարծիքը, որ հենց մրցավայրում եւ մրցելույթից առաջ բոլորի համար սթրես կլինի զույգ փոխելը: Ես միանշանակ դեմ էի, որ ինձ հանեին զույգից: Այո, ես ունեի վնասվածք, բայց Եվրոպայի առաջնությունը ես չէի կարող բաց թողնել եւ թույլ տալ, որ իմ տեղը ուրիշը ցատկեր: Բացի այդ, իմ եւ Վլադիմիրի զույգն արդեն քիչ թե շատ անուն էր ձեռք բերել: Ինձ այդտեղ ասացին, որ ես սխալ եմ հասկացել, միանգամից վատն եմ մտածում, որ ինձ ուզում են հանել եւ այլն: Իրենց մեկնաբանությամբ՝ այդ ամենն արվում էր նրա համար, որ ես վնասվածք ունեմ. ու դա այն պարագայում, երբ նույն մարզիչը Հայաստանի առաջնությունում ինձ պարտադրեց վնասվածքով ցատկել: Այստեղ հանկարծ սկսեցին մտածել իմ մասին... Ծիծաղելի էր:

Հետո պարզվեց, որ իրենք ցանկանում էին ինձ զույգից հանել, որ ես միայն մասնակցեմ անհատականին, որպեսզի քիչ լինի ծանրաբեռնվածությունս: Ով հասկանում է ջրացատկից, կհասկանա նաեւ այն, որ անհատականում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կրկնակի մեծ է, քան զուգացատկում: Անհատականում որակավորման փուլում 6 ցատկ է, եթե անցնում ես եզրափակիչ, եւս 6 ցատկ: Բացի այդ անհատականի մրցումները անցկացվում են մրցաշարի վերջին օրը: Զուգացատկում որակավորման փուլ չկա. միանգամից եզրափակիչ ու ընդամենը 6 ցատկ, որից ֆիզիկական ծանրաբեռնվածություն չի տալիս: Այսպես մեկնաբանվում էր, որ ինձ լավություն էին ուզում անել, որպեսզի ավելի թեթեւ ծրագրով աշխատեմ եւ վնասվածքս չխորացնեմ: Ինձ նրանց այս հիմնավորումները չբավարարեցին, քանի որ, իմ կարծիքով, ուղղակի ուզում էին ինձ հանել. իրենց այդպես էր ձեռք տալիս:

Ամեն դեպքում Եվրոպայի առաջնությունում դու եւ Վլադիմիրը ցատկեցիք: Ինչպե՞ ս ընդհանուր հայտարարի եկաք:

Ժողովի ընթացքում Հրաչյա Չանդիրյանը լսեց բոլորիս կարծիքները եւ ասաց, որ ինքը ցանկանում էր միայն լսել մեր տեսակետները եւ որ հանկարծ չկարծենք՝ մեր ասածով է իր որոշումը կայացնելու: Այդ օրը որեւէ վերջնական լուծում չգտանք: Մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ ինձ ասացին, որ ես եմ ցատկելու: Հրաչյա Չանդիրյանը հայտարարեց, որ եթե ես մեդալ չնվաճեմ, նա ինձ թիմից հեռացնելու է...

Վերադառնանք ներկայիս իրավիճակին: Դու արդեն վերջնական ապաքինվել ես: Մարզիչդ տեղյա՞կ է մարզումներդ վերսկսելու մասին:

Արդեն շուրջ մեկ ամիս է ես վերադարձել եմ լողավազան, մարզվում եմ ծանրաբեռնված. օրը երկու անգամ: Մարզիչս տեղյակ է իմ ապանքինվելու մասին: Նա տեղեկացել է իրենց մոսկովյան հավաքից 10 օր առաջ: Այսինքն՝ թիմի մեկնելուց առաջ ինքն արդեն գիտեր, որ ես բուժվել եմ եւ վերադառնում եմ մարզավիճակիս: Շատ հանգիստ կարող էի միանալ թիմին եւ նրանց հետ անցնել հավաք, որն ինձ շատ կօգներ ավելի արագ հետ գալ մարզավիճակիս եւ պատրաստվել օլիմպիական տարվա կարեւոր մեկնարկներին:

Ի՞նչ մեկնարկներ ունեք:

Ապրիլի վերջին տեղի է ունենալու օլիմպիական վարկանիշային մրցաշար՝ աշխարհի գավաթը: Սա մեր միակ հնարավորությունն է օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Մինչ այդ ունենք մրցաշարեր, որոնցից ես տեղյակ եմ փետրվարին կայանալիք երկու Գրան Պրիի մասին:

Վերջերս գլխավոր մարզիչը հետաքրքրվեց, թե ինչ մարզվիճակում եմ, մարզվում եմ արդյոք,   որպեսզի հասկանա՝ ինձ հայտավորի Գրան Պրիերին, թե ոչ: Ի դեպ, նա նաեւ ինձ ասաց, որ ես հանդես եմ գալու միայն անհատականում: Զուգացատկում այլեւս հանդես չեմ գալու: Ինձ հանել են: Բացի այդ, գլխավոր մարզիչը ինձ նաեւ ասաց, որ եթե ես վատ հանդես գամ Գրան Պրիում, ինձ աշխահի գավաթ չի տանի: Ստացվում է, որ ես միայնակ վերսկսել եմ մարզումներս, վնասվածքից ու երկարատեւ բուժումից հետո միայնակ պատրաստվում եմ իմ առաջին կարեւոր մեկնարկին, որը որոշիչ է լինելու վարկանիշային աշխարհի գավաթի կազմում հայտնվելու համար ու իմ առջեւ պայման են դնում: Շատ դժվար է վնասվածքից հետո միայնակ նախապատրաստվել, այն պարագայում, երբ այդ ընթացքում թիմդ հավաք է անցնում: Ու ինձ ասում են, եթե ես լավ հանդես չգամ, չեմ ընդգրկվի աշխարհի գավաթի կազմ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ո՞վ է դա որոշել...

 Վերջնական դուրս ես եկել զուգացատկից...

Այո, դա արդեն որոշված է: Այդ հարցն այլեւս չբարձրացրի, քանի որ հասկացա՝ Մոկսվայում Վլադիմիրի հետ զույգ աշխատում է Վարդանը: Ինչեւէ, չքննարկեցի, բայց պայմանը, թե վատ հանդես գալու դեպքում զրկվելու եմ վարկանիշային աշխարհի գավաթի մասնակցությունից, ինձ անհանգստացրեց: Մտավախություն ունեմ, որ ինձ ուղղակի ուզում են զրկել օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով