19:10  ,  26 նոյեմբերի, 2019

WADA-ի փոխնախագահ․ Դեռ մեկ տարի առաջ էր պետք զրկել Ռուսաստանին

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) փոխնախագահ, նորվեգացի Լինդա Հելելանդը գնահատել է հնարավորությունը չորս տարով զրկել Ռուսաստանին միջազգային մրցումների մասնակցությունից Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների հետ կապված մեքենայությունների պատճառով։

«Դեռ մեկ տարի առաջ էր պետք զրկել Ռուսաստանին, բայց WADA-ն սխալվել է՝ վերադարձնելով Ռուսաստանին միջազգային մրցումներ։ Հիմա WADA-ն պետք է դրսեւորի խստություն, քանի որ ամբողջ աշխարհը տեսավ Ռուսաստանի վարքագիծը։

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն արդեն ասել է, որ ցանկանում է ռուսաստանցի մարզիկներին տեսնել Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Բայց եթե ՄՕԿ-ը կողմ չլինի մեր հանձնարարականներին, դեմ կլինի ազնիվ մարզիկներին»,- Հելելանդի խոսքը մեջբերում է VG-ն։

Հիշեցնեք, որ WADA-ի հակադոպինգային կանոնադրության համապատասխանության կոիմիտեն  կազմակերպության գործադիր կոմիտեին հանձնարարել է Ռուսաստանին չորս տարով զրկել բոլոր միջազգային մրցումներից, այդ թվում է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի Եվրո-2020-ից, 2022թ․ աշխարհի առաջնությունից։ 

Լավագույն դեպքում, ռուս մարզիկներն ու թիմերը կարող են հանդես գալ չեզոք դրոշով, վատագույն դեպքում՝ առհասարակ չեն կարողանա մասնակցել մրցումների։

Այս հարցով վերջնական որոշում WADA-ն պետք է ընդունի դեկտեմբերի 9-ին նախատեսված գործկոմի նիստում։ Նախորդ դեպքերում, WADA-ն միշտ համաձայն է եղել համապատասխանության կոմիտեի հանձնարարականներին։

Նման խիստ հանձնարարականի պատճառը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի խախտումներն են։ Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը կարգավիճակից զրկելու հարցը եւս կքննարկվի դեկտեմբերի 9-ի նիստում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում