11:40  ,  20 օգոստոսի, 2019

Հակոբ Սերոբյան․ Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյան

Աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը: Եթե դուրս գան եզրափակիչ, ուղեգիր նվաճելու հնարավորությունները կմեծանան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օրերս Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մասնակցել են Իսրայելի բաց առաջնությանը: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել է առաջնության չեմպիոն, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 4-13-ը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, որը հայ մարմնամարզիկների համար օլիմպիական ուղեգիր նվաճելու միակ հնարավորությունն է լինելու:

Պարոն Սերոբյան, աշխարհի առաջնությանը մնացել է մեկ ամիս: Ի՞նչ կազմով է Հայաստանը մասնակցելու առաջնությանը եւ օլիմպիական ուղեգրերի ի՞նչ հնարավորություններ կան:

Այս մրցաշրջանում մեզ համար ամենակարեւորն աշխարհի առաջնությունն է: Օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր միակ հույսը հենց այս առաջնությունն է: Ունեինք աշխարհի գավաթի խաղարկության 8 մրցաշարեր, որոնք օլիմպիական վարկանիշային էին: Դրանիցի 2-ը Բաքվում էր եւ մենք հասկանալի պատճառներով չմասնակցեցինք: 8-ից մասնակցում ենք միայն 4-ին: Արդեն մասնակցել ենք Քոթբուսի եւ Դոհայի գավաթային փուլերին, տարեվերջում եւս մեկ փուլի կմասնակցենք Քոթբուսում եւ հաջորդ տարի նորից Դոհայում: Այսինքն՝ աշխարհի գավաթի խաղարկություններով ուղեգիր նվաճելու հույսը 50 տոկոսով նվազեց: Մնում է միայն աշխարհի առաջնությունը:

Մասնակցելու ենք երեք մարմնամարզիկով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան եւ Արթուր Թովմասյան: Արթուր Դավթյանը՝ բազմամարտ, Հարություն Մերդինյանը՝ նժույգ, Արթուր Թովմասյանը՝ օղակների վարժություններում: Եթե նրանք կարողանան իրենց հնարավորությունների չափով հանդես գալ, եզրափակիչ դուրս կգանք եւ այստեղ արդեն ուղեգրեր նվաճելու հնարավորությունները կմեծանան: Թե ինչ կլինի, չեմ կարող ասել: Բայց կարեւոր է նշել, որ աշխարհի առաջնությունում էլ մեզ բարդ պայքար է սպասվում: Օլիմպիական ուղեգիր նվաճում են մեդալակիրները կամ մինչեւ 6-րդ տեղ զբաղեցրածները: Եթե մեդալակիները եղան այն երկրներից, որոնք թիմային պայքարում արդեն վարկանիշ ունեն, դուրս են գալիս, եւ օլիմպիական վարկանիշները տալիս են հաջորդաբար 4-րդ, 5-րդ, 6-րդ տեղերին:

Իսրայելում ի՞նչ մրցման մասնակցեցիք:

Իսրայելի բաց առաջնությունն էր: Իրենց հաշվին հրավիրել էին 5-6 երկրի ուժողագույններին: Այնտեղ կային օլիմպիական, Եվրոպական խաղերի չեմպիոններ: Բայց ավելի շատ ընկերական հանդիպման նման մի բան էր: Մի փուլով անցավ մրցումները, եզրափակիչ չկար: Մեկ օրում արեցին ամեն ինչ: Սա այսպես ասած Իսրայելի հավաքականի նախապատրաստական փուլի մեկնարկն էր աշխարհի առաջնությունից առաջ:

Իսկ Հայաստանի թիմը ե՞րբ կսկսի նախապատրաստական փուլը:

Մենք կսկսենք սեպտեմբերին: Բաթումում սեպտեմբերի 2-7-ը կմասնակցենք միջազգային մրցաշարի, որտեղ հանդես կգան Հարություն Մերդինյանն ու Արթուր Թովմասյանը: Սեպտեմբերի 12-ից կմենկնենք Թբիլիսի 14-օրյա ուսումնամարզական հավաքի: Կվերադառնանք սեպտեմբերի 26-ին եւ 28-ին կմեկնենք Շտուտգարտ:

Աշխարհի առաջնության հավաքին մեզ հետ հավաք կանցնեն նաեւ երիտասարդները եւ 4 աղջիկ: Աղջիկների համար շատ լավ հնարավորություն է, սա նրանց մեկնարկը կլինի: Աշխարհի առաջնությունում Հայաստանի կազմում կունենանք մեկ աղջիկ մասնակից: Նա ԱՄՆ-ից է: Նպատակ ունի պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Սա այն նույն աղջիկն է, որի մասին պատմել էր Հուռի Գեբեշյանը: Նա Հուռիի պես ուժեղ չէ, բայց շատ լավ է, որ ունենք աղջիկ մասնակից: Ի դեպ աշխարհի առաջնությանը որպես մարզիչ ներկա կլինի նաեւ Հուռի Գեբեշյանը:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով