18:41  ,  12 օգոստոսի, 2019

Հայաստանի Մ-18 հավաքականի մարզիչ․ Արդեն համակերպվել ենք, որ մեր չեմպիոնությունը չեն նկատում

Նպատակ ունենք 2020 թվականի Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության C դիվիզիոնն անցկացնել Երեւանում: Իսկ 2021 թվականին հանդես գալ B դիվիզիոնում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը, որի ղեկավարած հավաքականը Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների С դիվիզոնի առաջնության չեմպիոնն է:

Հիշեցնենք, որ Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայում:

Պարոն Հարությունյան, շնորհավորում եմ չեմպիոնության կապակցությամբ: Ինչպե՞ս հաջողվեց մեկ տարվա դադարից հետո կրկին նվաճել C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը:

2016 թվականին նույն առաջնությում նույն տարիքային խմբում չեմպիոն էինք դարձել: 2017 թվականին նույն կազմով մինչեւ 16 տարեկանների առաջնությունում Ջիբրալթարում եւս  հաղթեցինք: Ջիբրալթարում մեր կազմում ունեինք Աննա Ասլանյան՝ Սիրիայից եւ Քրիստինա Մելիքյան՝ Ռուսաստանից: Մնացած խաղացողները տեղացիներ էին: Այս Եվրոպայի առաջնությունում կազմում փոփոխություններ եղան՝ Քրիստինա Մելիքյանը հեռացավ բասկետբոլից, Աննա Ասլանյանին հրավիրեցին Սիրիայի մեծահասակների հավաքական: Նա փոխեց մարզական քաղաքացիությունը եւ տեղափոխվեց Սիրիա: Երբ հայտնի դարձավ, որ պետք է հանդես գանք արդեն 2019 թվականի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության C դիվիզոնում, կանգնեցինք փաստի առաջ, քանի որ փաստացի մեր ուժեղագույն խաղացողները չկային եւ նրանց փոխարինողներ եւս չկային: Երբ երկու շաբաթ էր մնացել առաջնությանը, հավաքական հրավիրեցինք 4 ամերիկահայ 16 եւ 17 տարեկան աղջիկների՝ Կայլա Քեշմեշյանին, Մերի Մարկարյանին , Փաթիլ Յակուբյանին եւ Արեգնազ Օրուջյանին: Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեցինք մի կոլեկտիվ, որի անդամները պատրաստ էին ամեն վայրկյան խաղադաշտում մեկը մյուսի սխալն ուղղել:

Այսինքն՝ թիմը ձեւավորել եւ առաջնությանը պատրաստվել եք 15 օրո՞ւմ:

Այո: Թիմը պատրստել ենք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքում: Ընդամենը հավաքի այդ մի հնարավորություն ենք ունեցել: Դրանից առաջ հավաք, մարզումներ չենք ունեցել, քանի որ դեռ չգիտեինք՝ ինչ կազմով ենք հանդես գալու: Մինչեւ վերջին պահը դեռ պարզ չէր՝ մենք կկարողանանք ԱՄՆ-ի նորեկներին տանել, կհասցնենք նրանց մարզական քաղաքացիության հարցը 15 օրում լուծել: Բայց կարողացանք 15 օրվա մեջ ստեղծել միասնական ուժեղ թիմ: Մեր հաջողության գրավականըը եղել են ոչ թե անհատները, որոնք լավ են խաղացել, այլ թիմային բասկետբոլը: Խաղահրապարակում մարզիչ-խաղացող, մարզիչ-թիմ կապը շատ ուժեղ աշխատում էր, եւ արդյունքում` մենք նորից չեմպիոն ենք:

Անցկացրինք 4 հանդիպում՝ Վրաստանի, Ջիբրալթարի, Անդորրայի եւ Մալթայի հավաքականների հետ: Բոլոր թիմերն էլ ուժեղ էին, պատրաստված, գրեթե նույն կազմերով՝ ինչ 2016, 2017 թվականներին, հասունացած եւ ավելի լուրջ բասկետբոլ խաղացող: Շատ բարդ խաղ ունեցանք Մալթայի հետ եզրափակիչում: Թիմը նույն կազմով էր, ավելի ուժեղացած: Եվ մեզ ավելի ոգեւորեց այն փաստը, որ այդքան բարդ խաղում մեզ հաջողվեց հաղթել 79:73 հաշվով:

Հավատո՞ւմ էիք, որ 15 օրում ձեւավորած թիմով կկարողանաք կրկնել հաջողությունը:

Ես գիտեի, որ մենք գնալու ենք, չեմպիոն դառնանք: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը մի քանի անգամ հարցրեց, թե որ տեղով ենք հետ գալու, ես չէի բարձրաձայնում, բայց հոգուս խորքում համոզված էի, որ այս անգամ էլ ենք չեմպիոնի տիտղոսով վերադառնալու: Ինձ այդ վստահությունը, մասնավորապես, տվեցին մեր նորեկները ԱՄՆ-ից: Օրինակ՝ Քայլան ես վստահ հայտարարում եմ, որ աստղ է լինելու մեծ բասկետբոլում: Հայաստանցի աղջիկներն էլ շատ լավ են խաղում, նրանցից 7-ը ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս 3 միավորանոց նետումներ էին անում: Չհաղթելու շանս չկար: Ունեինք թիմային, կոմբինացիոն խաղ:

Պարոն Հարությունյան, 2018 թվականի առաջնությունը բաց թողեցիք: Ինչո՞ւ:

Մի քանի պատճառներ ունեինք անցած տարվա առաջնությունը բաց թողնելո համար: Նախ Աննա Ասլանյանն արդեն տեղափոխվել էր Սիրիա, Քրիստինան արդեն դուրս էր եկել, թիմը պատրաստ չէր: Բացի այդ՝ ֆինանսական խնդիրների պատճառներից ելնելով բաց թողեցինք առաջնությունը:

Իսկ մտավախություն չունե՞ք, որ այս թիմի աղջիկներն էլ դրսից հրավերներ կստանան մինչեւ հաջորդ մրցաշրջան:

Աննա Ասլանյանի պարագայում նախապես գիտեի, որ նա մեծ ցանկություն ունի տեղափոխվել Սիրիայի հավաքական, քանի որ անընդհատ ասում էր այդ մասին: Այս կազմի հետ դեռ շատ անելիքներ ունենք, եթե իհարկե, Քայլային չհրավիրեն ԱՄՆ-ի ազգային հավաքական: Բայց հուսամ՝ նման բան չի լինի: Տեղացի աղջիկների հարցում վստահ եմ, որ նրանք մեր հավաքականից ոչ մի տեղ չեն գնա:

2020-ին եւս C դիվիզոնում կմասնակցե՞ք:

Նախատեսում ենք 2020-ին էլ նույն դիվիզոնում հանդես գալ, քանի որ մեր աղջիկները դեռեւս 16-17 տարեկան են: Արդեն 2021-ին կփորձենք խաղալ B դիվիզիոնում: Աղջիկներն արդեն բավական հասունացած կլինեն, ուժեղացած եւ կարող ենք արդեն B դիվիզիոնի հայտ ներկայացնել:

Բացի այդ ունենք եւս մեկ շատ կարեւոր պատճառ 2020-ում С դիվիզոնում հանդես գալու համար: Ֆեդերացիայի հետ նպատակ ունենք 2020 թվականի Եվրոպայի Մ18 առաջնության C դիվիզիոնի մրցաշարը բերել Հայաստան եւ անցկացնել Երեւանում: Շատ լավ կլինի, որ կարողանանք իրականացնել:

Մեր կյանքում ոչինչ չի փոխվել չեմպիոն դառնալուց հետո: Անգամ սովորական շնորհակալական խոսքեր չեն ասվել չեմպիոնության համար: Արդեն հարմարվել ենք դրա հետ, քանի որ մենք խաղում ենք մեր երկրի, մեր հավաքականի, մեր պատվի համար:

Հ.Գ. Մինչեւ 18 տարեկանների հավաքականը երկրորդ անգամ է նվաճում C դիվիզիոնի առաջնության չեմպիոնի տիտղոսը, ինչի համար ոչ թիմը, ոչ թիմի մարզիչը տարեվերջյան պետական եւ ոչ պետական պարգեւատրումների մեջ չի ընդգրկվել, բասկետբոլիստները, մարզիչները որեւէ դրամական պարգեւներ չեն ստացել: Անդորրայում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո մինչ օրս թիմին չեն ընդունել  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս